«Գյուղապետն իր կարողություններից 5 անգամ ավելի մեծ օգուտ է բերում, քան երկրի նախագահն իր բնակչին». Ահարոն Ադիբեկյան

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիլ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Իշխանա- թե՞ հեղա- փոխություն» թեմայով, բայց այդպես էլ չկարողացան բացատրել, թե ընդդիմությունը հիմա դրանցից որին է ձգտում, չէ՞ որ, ի վերջո, ցանկացած հեղափոխություն բերում է իշխանափոխության:

Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ընդդիմությունն իշխանափոխություն առաջարկելով լուծում է իր կարիերայի հարցը. «Երբ խորհրդարանական կուսակցությունը պահանջում է իշխանափոխություն, նա փաստորեն իր դեմ է ելնում, որովհետև իշխանության մաս է: Եթե ուզում են ինչ-որ բան փոխել, պետք է փոխեն գործադիր իշխանությունը, այսինքն՝ Հայաստանին պետք է կառավարության փոփոխություն:

Վիլ Պողոսյայնն էլ հավելեց, որ կա կառավարություն և ընդդիմություն, իսկ իշխանությունը լայն հասկացություն է: Ըստ նրա՝ ընդդիմությունը նկատի ունի գործադիր իշխանությունը:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ վարչապետի փոփոխությունը չի նշանակում, որ կառավարությունն է փոխվել, որովհետև նա շարունակում է տիրող կուսակցության քաղաքական ծրագիրն իրականացնել. «Խոսելով իշխանափոխության մասին՝ ընդդիմությունը խնդիրը լայն է դնում, թեև կոնկրետ նպատակը գործադիր իշխանության գալն է: Հետևաբար՝ նախ պետք է ասեն, թե գործադիր իշխանությունը ինչով է թերի, ինչ խնդիրներ ու լուծման եղանակներ կան, և դրանով հանդես գան հանրությանը»,- նշեց նա:

Ա. Ադիբեկյանը նկատեց. «Մեզ մոտ իշխանափոխությունը տեղի է ունենում իշխանական շրջանակի մեջ, դրսից գալ և իշխանության գալ՝ անիմաստ է: «Նոր ժամանակներ» կուսակցությունը ասածիս վառ օրինակն է: Հետևաբար, եթե ուզում ես իշխանության գալ՝ մտիր կոալիցիա, դարձիր ավելի հզոր ուժ, փոխիր իշխանությունը» :

168.am-ի հարցերին՝ արդյո՞ք կոալիցիա մտնելը ճիշտ ճանապարհ է, դրանից չե՞ն կորցնի ժողովրդի վստահությունը, Ադիբեկյանը պատասխանեց. «1996 թ. հեղաշրջումը եղավ, որովհետև ստեղծվեց նոր խորհրդարանական խմբակցություն, որը արտահայտեց Լևոնից իր դժգոհությունը և Լևոնը կորցրեց հենքը խորհրդարանում:

Ռոբերտ Քոչարյանն եկավ, հաղթեց ու իշխանափոխություն եղավ: Իշխանությունը իշխանության մեջ փոխվեց: Հիմա Սերժ Սարգսյանն է նախագահը, հաջորդը պետք է լինի իշխանության մեջից, որ հենվի 670 համայնքների ղեկավարների հենքի վրա. նրանք են կերակրում իրենց ժողովրդին: Գյուղապետն իր կարողություններից 5 անգամ ավելի մեծ օգուտ է բերում, քան երկրի նախագահն իր բնակչին: ՀԱԿ-ը երբ իշխանություն էր, գիտեք՝ ինչքան ձայներ ուներ, հիմա կոալիցիա է ստեղծում, որ գոնե 5 տոկոսանոց շեմը անցնի, որովհետև ՀՀՇ-ն 1 տոկոս էլ չունի հիմա: Լևոնի անձնական ռեյտինգը 2.5 տոկոս է. նա չի կարող նախագահ դառնալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի