Բաժիններ՝

Նավթի գնանկումն Ադրբեջանին հարկադրել է նվազեցնել 2015 թվականի բյուջեն

Oilru.com-ի փոխանցմամբ՝ ածխաջրածինների արտահանումից կախված Ադրբեջանը 2015 թվականի բյուջեի նախագիծը պատրաստել է մեկ բարել նավթի դիմաց 90 դոլարի հաշվարկով, մինչդեռ այս տարվա բյուջեի պարագայում այն կազմել է 100 դոլար: Դա տեղի է ունեցել «սև ոսկու» համաշխարհային գների անկման շարունակման ֆոնին:

Ադրբեջանի կառավարությունը 2015 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել հոկտեմբերի 17-ին: Դրա համաձայն՝ 9.5 միլիոն բնակչությամբ մերձկասպյան երկրի եկամուտները հաջորդ տարի կազմելու են 19.4 միլիարդ մանաթ (24.7 միլիարդ դոլար), իսկ ծախսերը՝ 21.1 միլիարդ մանաթ:

Դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի մոտ 2.6 տոկոսը: Բյուջեի նախագծի համաձայն՝ կառավարությունը մտադիր է դեֆիցիտը ծածկել սեփականաշնորհման եկամուտների և արտաքին ու ներքին պարտքերը վերադարձնելու հաշվին: Կառավարությունն ակնկալում է, որ հաջորդ տարի երկրի տնտեսական աճը կազմելու է 4.4 տոկոս:

Այս տարվա պաշտոնական կանխատեսումը կազմում է 3.6 տոկոս, իսկ 2013 թվականին Ադրբեջանի տնտեսությունը գրանցել է 5.8 տոկոսանոց աճ: Իշխանությունները ՀՆԱ-ի անկումը շաղկապում են նավթի արդյունահանման անկման հետ և ակնկալում են, որ 2015 թվականին տնտեսության մեջ նավթային սեկտորի մասնաբաժինը կնվազի մինչև 34.9 տոկոսի: Այս տարի այն կազմում է 40.4 տոկոս:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ամռանը, երբ մեկ բարել Brent նավթի գինը նվազել էր մինչև 89.23 դոլարի (երկու տարի այդ նավթի գինը չէր ընկել 90 դոլարից), իսկ մեկ բարել WTI նավթի գինը նվազել էր մինչև 78.2 դոլարի, մեծապես տուժել էր «մեկ բարել նավթի համար 100 դոլար» հաշվարկի հիման վրա կազմված Ադրբեջանի բյուջեն:

Այն ժամանակ հաղորդվել էր, թե նավթի գնանկումից Ադրբեջանի օրական կորուստները կազմել են մինչև 20 միլիոն դոլար և ընդգծվել, որ Ադրբեջանն իրական կորուստներ կկրի այն դեպքում, եթե Brent-ի գներն ընկնեն 83-82 դոլարից՝ մեկ բարելի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս