Ամերիկյան օդուժը զենք ու զինամթերք է նետել Քոբանին պաշտպանող քրդերին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ավիացիան զենք, զինամթերք ու դեղորայք է հասցրել քուրդ աշխարհազորայիններին, որոնք սիրիական Քոբանի քաղաքը պաշտպանում են «Իսլամական պետության» զինյալների հարձակումներից:
Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատարությունը: C-130 տրանսպորտային ինքնաթիռները զենքով ու հումանիտար բեռով լի արկղերը նետել են քրդական զորքերի կենտրոնացման շրջանում:
Որոշակի տվյալներով՝ այդ գործողությանը մասնակցել է երեք ինքնաթիռ, որոնք այդ ընթացքում դիմադրության չեն հանդիպել: Վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ի օդուժը 135 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին՝ դանդաղեցնելով նրանց առաջխաղացումը: