Եգիպտոսում կկառուցեն նոր Սուեզի ջրանցք
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունը երեկ պայմանագրեր է ստորագրել միջազգային 6 ընկերության հետ՝ Սուեզի ջրանցքի կրկնօրինակը ստեղծելու համար:
Դա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի ծրագրի նախագիծն է, որը կոչված է վերականգնել վերջին տարիների քաղաքական անկայունության պատճառով ծանր վիճակում գտնվող ազգային տնտեսությունը: Նոր ջրանցքի կառուցմանը մասնակցելու են ԱՄԷ-ի, Նիդերլանդների, Բելգիայի ու ԱՄՆ-ի ընկերությունները:
Եգիպտոսի իշխանությունները հուսով են, որ նոր ջրանցքը մինչև 2023 թվականը ջրուղուց ստացվող եկամուտը կմեծացնի ավելի քան կրկնակի՝ 5 միլիարդ դոլարից հասցնելով մինչև 13.5 միլիարդ դոլարի:
Պլանավորված է նաև ստեղծել միջազգային տրանսպորտային-լոգիստիկ հանգույց, որի տարածքը կազմելու է 76.000 քառակուսի կիլոմետր՝ մեծ քանակությամբ նավեր տեղավորելու համար:
Նոր ջրանցքն անցնելու է 145 տարի առաջ կառուցված ջրանցքին զուգահեռ: Սուեզի ջրանցքը Հնդկական օվկիանոսը Միջերկրական ծովին կապող ամենակարճ ուղին է: