ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն է տարածել:
Դրանում նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել են Բաքու ու Երևան, ուր հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ:
Հայտարարության մեջ նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջոն Ուորլիքը անձնական պատճառներով չի մասնակցել այցին, սակայն ԱՄՆ-ը ներկայացված է եղել հանդիպումներում.
«Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այս ամիս Փարիզում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստությունը:
Նրանք հաստատել են ամառվա բռնությունների աճից հետո շփման գծի երկայնքով (ԼՂ-ի շրջանում) և սահմաններին (Հայաստանի ու Ադրբեջանի միջև) իրավիճակի կայունանալը և հույս են հայտնել, որ չի լինի հրադադարի ռեժիմի խախտումների էսկալացիա:
Դիվանագետները նաև մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը: Սահմանի երկու կողմից էլ նրանք հանդիպել են տեղի պաշտոնատար անձանց ու հրամանատարների հետ և տեղեկատվություն են ստացել անվտանգության պայմանների մասին:
Համանախագահները կողմերին կոչ են արել քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման և բռնություններից խուսափելու ուղղությամբ, և հատկապես տեղի բնակչության հանդեպ»: