Բաժիններ՝

«Հայ երիտասարդը հոր՝ բանկի տոկոսները փակելու համար, դուրս է եկել համալսարանից, գնացել է Մոսկվա՝ աշխատելու, ու մնացել է վերելակի տակ» (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի ողբերգական դեպքի մասին պատմեց, որի համար մեղադրում է այսօրվա իշխանություններին: Գ.Եղիազարյանը պատմեց, որ ողբերգության հերոսը հինգերորդ կուրսում բացարձակ գերազանց սովորող մի ուսանող էր.

«Տաղանդավոր մի երիտասարդ, որն ուսումը թողեց միայն մի բանի համար, որ գնա Ռուսաստանում աշխատի և հոր՝ բանկից վերցրած փողի տոկոսը փակի: Մեր ազգաբնակչության, այս փոքրիկ, անպաշտպան ու անտեր երկրի մինիմում 80%-ը նրանց ստեղծած բանկերի և ֆինանսական տարբեր տեսակի ընկերությունների գերին են դարձել: Հողերն է դրած, տներն է դրած, մարդիկ ապրելու տեղ չունեն և ստրուկի նման պարտավոր են այդ տոկոսներն այդ ֆինանսական խմբերին ու բանկ կոչվածներին փակել»:

Գ. Եղիազարյանի խոսքով՝ Գողթ գյուղից Սեդրակյանների ընտանիքը դրա վառ օրինակն է.

«Մարդը հաշմանդամ է, գումար էր վերցել բանկից, որ ջերմոցում լոլիկ և վարունգ դնի ու իր ծախսերը հոգա: Իր ամբողջ գումարներն այդ մարդը դրեց իր ջերմոցի վրա և տանուլ տվեց, քանի որ մասնագետը, որին կանչել էր, սխալ հաշվարկներ էր արել:

Ընկավ տոկոսի տակ: Նա դիմել է դատարան, որ օրինական կարգով մեղավորից ստանա գումարը: Գիտեք մեր դատարանը՝ կարելի է մարդ սպանել ու 3 ամիս նստել, կարելի է մարդու կողքով էլ չանցնել, գնալ մի 10 տարի նստել: Մեր դատական համակարգը մոտ 3.5 տարի այս հարցն անընդհատ ծեծեց, շպրտեց այստեղից այնտեղ, ու, ի վերջո, որդին՝ գերազանց սովորող՝ 5-րդ կուրսի ուսանողը, դուրս եկավ համալսարանից, գնաց Մոսկվա աշխատելու և զոհվեց մի քանի օր առաջ: Գնացել էր բանվորություն էր անում, վերելակը ընկել է վերևից՝ 3 հոգու սպանել է, 3-ն էլ հայ էին»:

Այս ամենի համար Գ. Եղիազարյանը մեղադրում է գործող իշխանություններին.

«Այս ազգին վերցրել եք ճանճի նման կոտորում եք՝ առանց խղճի ու ամոթի: Բա խոսում եք ապահով Հայաստանի մասին: Սա՞ է ձեր ապահով Հայաստանը: Ու այս ողբերգությունը շարունակական է մեր ազգի գլխին, մեր երիտասարդների գլխին, որովհետև երկիրն է անտեր: Բավական եղավ, էլի, չեք կարողանում աշխատել, վեր կացեք գնացեք, հոգնացրեցիք արդեն: Պետք է երեխաները կոտորվե՞ն: Սենց ապրել չի լինի, սենց էլ հնարավոր չի: Պետք է վերջ ունենա այս խայտառակությունը:

Հլը մի բան էլ հորջորջում են՝ «իշխանություն չենք տա», հորդ տնից ե՞ք բերել, որ չեք տա: Շատ խելոք կտաք: Հանիրավի եկել, նստել եք այդտեղ, այնպես չանեք, որ հանիրավի դա վերցվի ձեզանից: Օրինական թողեք գնացեք, նամուս ունեցեք: Երկիր եք կործանում, էս երեխան գնաց ձեր երեսից զոհվեց, մնաց վերելակի տակ: Որ երկրում ապրեր, իրոք, գիտնական կդառնար, ձեր այդ տված դոկտորների օրին չէր այդ երեխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս