«Իմ մոտ ապահովիչ էլ կար, բռնաբարությո՞ւն էի անելու». Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալի առարկությունը՝ դատախազին

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացում մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես եկավ ռեպլիկով: Նա նշեց, որ դատաքննության ընթացքում փորձ է արվել ամբաստանյալներին ներկայացնել հալածյալների կերպարով: «Նշում են, թե իբր լուրջ տեղեկատվություն ունեին սպասվելիք սադրանքների մասին, սադրիչների մասին, այդ պատճառով է, որ բերել էին հրատեխնիկական միջոցներ»,- ասաց նա:

Դատախազը նշեց, որ ամբաստանյալների մոտ հրատեխնիկական միջոցների առկայությունը վկայում է այն մասին, որ նրանց գործողությունները խուլիգանական մղումներով են կատարվել: Նա նշեց, որ ձեռք բերված ապացույցներով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները լիովին հիմնավորված են,

ապացուցված են այն արարքները, որոնց կատարման մեջ նրանք մեղադրվում են: Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ ողջ դատաքննության ընթացքում պարզվեց, թե տղաներն ինչո՞ւ են նստած ամբաստանյալի աթոռին, թե ի՞նչ գաղափարների համար էին պայքարելու դուրս եկել:

Ըստ նրա, հաստատվեց նաև՝ հասարակությանը որևէ վնաս չի պատճառվել, որևէ մեկի անդորրը չի խախտվել: Անդրադառնալով դատավորի կողմից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու միջնորդության մերժմանը, փաստաբանն ասաց.

«Դուք քիչ առաջ, երբ մերժեցիք մեր միջնորդությունը, նշեցիք, որ դատարանի համար հիմք չեն պաշտոնատար անձանց կարծիքները: Ես խնդրում եմ դատարանին, հորդորում եմ, որ մինչև վերջ Դուք մնաք Ձեր այդ նույն մտքին»:

Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ մեղադրողը վերլուծություն չի անում:

«Իրավապահ մարմիններն ի սկզբանե, մինչև երթը սկսելն այդ ամենի մասին տեղեկացված են եղել, որևիցե միջոց չեն ձեռնարկել, այսինքն՝ նրանց անգործությունը վկայում է այն մասին, որ մեր պաշտպանյալների գործողությունները՝ որպես այդպիսին, եղել են իրավաչափ,- հայտարարեց Արա Զաքարյանը՝ ավելացնելով,- Այնուհանդերձ, իմ խորին համոզմունքը նա է, որ ՀՀ նախագահի գործողություններում առերևույթ առկա են պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներ, որոնք էական վնաս են պատճառել մեր պաշտպանյալներին, իրավունքների կոպիտ խախտում է թույլ տրվել:

Ես խնդրում եմ, որպեսզի Դուք, հարգելի նախագահող, դատական ակտով հաստատեք այդ հանգամանքը, ճանաչեք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից թույլ է տրվել մեր պաշտպանյալների իրավունքի՝ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում, միևնույն ժամանակ՝ դատական ակտի հետ մեկտեղ՝ նաև միջնորդություն հարուցեք Դատախազություն, գլխավոր դատախազին՝ նախագահի գործողություններում առերևույթ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար»:

Իսկ արձագանքելով մեղադրողի ռեպլիկին՝ ամբաստանյալ Վարդան Վարդանյանն ասաց. «Ես ուզում էի պարոն դատախազին առարկեի, որ ասում է՝ իրենք պայթուցիկ բաներ ունեին, ուրեմն խուլիգանություն էին անում: Իմ մոտ ապահովիչ էլ կար, բռնաբարությո՞ւն էի անելու»:

Տեսանյութեր

Լրահոս