Յանուկովիչը հոկտեմբերի 20-ին մամուլի ասուլիս կտա Ռոստովում. աղբյուր
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատից հայտնի է դարձել, որ Յանուկովիչը պլանավորել է երկուշաբթի մամուլի ասուլիս տալ Ռոստովում՝ կապված Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ:
Յանուկովիչի ելույթը հասցեագրվելու է Ռեգիոնների կուսակցության կողմնակիցներին ու ընտրողներին: Հայտնի են անգամ նրա ելույթի մի շարք հատվածներ, որոնք բավական կտրուկ են: Մասնավորապես, Յանուկովիչը հայտարարելու է, որ համատարած ստի ու ահաբեկչության ուղին Ուկրաինան կանգնեցրել է փակուղու առջև.
«Մարդիկ նախագահական արտահերթ ընտրություններից ակնկալում էին խաղաղություն, իսկ փոխարենը ստացան զինված հակամարտության էսկալացիա, ծանր սպառազինությամբ Դոնբասի քաղաքների զանգվածային հրետակոծություններ, խաղաղ բնակչության շրջանում վիթխարի զոհեր:
Հեղաշրջման առաջնորդները դա անվանում են «արժանապատվության հեղափոխություն», և դա այն դեպքում, երբ նրանք մահվան գիրկն են նետում հարյուրավոր ու հազարավոր երիտասարդ տղաների՝ նրանց ծնողներին պատճառելով անասելի տառապանքներ:
Խիտ բնակեցված, արդյունաբերական հարավ-արևելքը միտումնավոր վերածում են անապատի: Վերականգնման համար կպահանջվեն տարիներ ու միլիարդներ, որոնք չունի երկիրը»: Ուկրաինայում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 26-ին: