«Երբ երեկոյան Սերժ Սարգսյանը տուն է գնում և գլուխը դնում է բարձին, հասկանում է, որ ինչին ձեռք է տվել, փլվել է». Գուրգեն Եղիազարյան

«Ես կարող եմ ենթադրաբար ասել, որ եռյակի նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է, որովհետև ուղղակի շփումներ ես եռյակի հետ չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա՝ իշխանափոխությունը օրվա պահանջն է:

Նա նշեց, որ իր որդիներից մեկն արդեն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, շուտով մյուսն էլ է հրաժարվելու.

«Հո կրակը չենք ընկել, ինչ է՝ ինչ-որ մեկը կառչել է իր աթոռից, որ հանկարծ ոչ մեկը չվերցնի այդ աթոռը: Բա հնարավո՞ր է՝ մի տնից 2 հոգի քաղաքացիությունից հրաժարվեն, դրապատաճառը միայն այն է, որ ես ընդդիմություն եմ, ընդդիմադիր եմ սրանց, իսկ սրանց միայն հորթը կարող է ընդդիմադիր չլինել»:

Խոսելով եռյակի հետագա քայլերից ունեցած իր սպասումների մասին՝ Գ. Եղիազարյանն ասաց.

«Մարդիկ աշխատում են, տեսնենք՝ ինչ կլինի: Ամսի 24-ին կասեն, սպասենք այդ ասելուն: Հավանական է, որ ձևաչափը կփոխվի, որովհետև չի կարելի գնալ մի խնդրով և այդ խնդիրը վերածել ուրիշ բանի: Ասենք, գնանք այնտեղ և պարզվի, որ այդ ամբողջ ժողովուրդը հավաքվել է, ու միակ նպատակը՝ Մաքսային միությանը «ոչ» ասելն է: Հո, Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությամբ չի դա՝ որտեղ ինչ ուզենա ասի»:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ եռյակը դառնա դուետ, Գ. Եղիազարյանն պատասխանեց, որ ինքն ամիսներ առաջ է ասել, որ այն կդառնա դուետ.

«Ես մի անգամ հայտարարել եմ, որ Սերժ Սարգսյանի առաջին ընդդիմադիրը հենց ինքն է, երբ երեկոյան տուն է գնում և գլուխը դնում է բարձին հասկանում է, որ ինչին ձեռք է տվել, փլվել է»:

168.am-ի հարցին՝ արդյոք հիսաթափությո՞ւն չկա մարդկանց մեջ նախորդ հանրահավաքից հետո՝ հաշվի առնելով, որ անցյալ հանրահավքից նրանց սպասելիքները չիրականացան, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց.

«Ժողովուրդը հիմա է պահանջում, հիմա է սոված, բայց այս գործընթացը ժամանակ է պահանջում, հարթակին կանգնած մարդիկ չեն կարող գրպաններից հանել իշխանությունը և նվիրել ժողովրդին: Դրա համար պետք է ազգաբնակչությունը համբերատար լինի»: Մեկ այլ հարցի էլ՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր, 20 տարի մեր հասարկությունը պայքարում է ու արդյունք չկա, Գ.Եղիազարյանն պատասխանեց, որ արդյունք անպայման կլինի. «Աստված չանի՝ Լատինական Ամերիկայի երկրների պես լինի, Աֆրիկյան երկրների պես լինի այս լուծի թոթափումը:

Համենայն դեպս, մենք հասկանում ենք, որ իշխանափոխությունը հնարավորինս պետք է անարյուն լինի: Մենք վտանգված աշխարհագրույթուն ունենք, մենք Արցախի գերխնդիր ունենք դրված»:

 

Տեսանյութեր

Լրահոս