Հեյգելը չի սպառնացել Ռուսաստանին. Պենտագոն
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի խոսքերում որևէ սպառնալիք չի հասցեագրվել Ռուսաստանին:
Խոսքը գնում է հոկտեմբերի 15-ին Հեյգելի արած այն հայտարարության մասին, որ ամերիկացի զինվորականները հնարավոր է՝ ստիպված լինեն գործ ունենալ ժամանակակից ու մարտունակ ռուսական բանակի հետ: Դրա հետ մեկտեղ Հեյգելը Ռուսաստանը որակել էր որպես «ռևիզիոնիստական պետություն»:
Դրա հետ կապված՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հեյգելի այդ խոսքերը վկայում են, որ ՆԱՏՕ-ն ռուսական սահմանների մոտ օպերացիաներ ձեռնարկելու սցենարներ է մշակում:
Կիրբին վստահեցրել է, որ Հեյգելի խոսքերում չի եղել սպառնացող որևէ մեկնաբանություն ընդդեմ որևէ երկրի, և որ խոսքը գնացել է տարբեր ոլորտներում առկա սպառնալիքների մասին, որոնց հետ ԱՄՆ-ը բախվում է համայն աշխարհում և որոնց նա պետք է պատրաստ լինի դրանց դիմագրավելուն: