Սիրիան հայտարարել է «Իսլամական պետության» շտաբը ոչնչացնելու մասին
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սիրիական բանակը հայտարարել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում «Իսլամական պետություն» խմբավորման շտաբը ոչնչացնելու մասին:
Իսլամականների կոորդինացիոն կենտրոնը վերացվել է ռազմական հարձակողական գործողությունների ժամանակ: Հաղորդվել է նաև, որ ոչնչացվել են մեծ քանակությամբ իսլամականներ, որոնցից շատերը Սիրիայի քաղաքացիներ են:
«Իսլամական պետության» զինյալները սեպտեմբերի սկզբից Դեյր էզ Զորում մարտեր են սկսել սիրիական բանակի դեմ: Նրանք փորձել են գրավել տեղի ավիաբազան, որը համարվում է տվյալ նահանգում կառավարական զորքերի վերջին պատվարը:
Սակայն սիրիական բանակը ոչ միայն կարողացել է պահպանել վերահսկողությունը ռազմավարական կարևորության այդ օբյեկտի վրա, այլև՝ շաբաթվա սկզբից ակտիվորեն ազատագրել իսլամականների գրաված տարածքները: