Բուրջանաձեն Վրաստանի իշխանություններին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի, Սուխումի ու Ցխինվալի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն քննադատել է ներկայիս իշխանություններին՝ կապված Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու հետ:

Բուրջանաձեն կարծում է, որ դեռ չի մեկնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորման գործընթացը: Բուրջանաձեի խոսքերով՝ Վրաստանի կառավարության մի շաք անդամների հայտարարություններն էլ ավելի են սրում երկու երկրների միջև հարաբերությունները.

«Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հաճախ հանդես են գալիս վնասակար հայտարարություններով, որոնք կարող են ընդունելի լինել երկրի բնակչության որոշակի հատվածի համար: Սակայն փաստ է, որ դրանք չեն ծառայում Վրաստանի շահերին:

Դրա վառ օրինակներն են Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի բազա բացելու մասին հայտարարությունը, պաշտպանության նախարարության կողմից ՀՕՊ-ի համակարգ տեղակայելու մասին հայտարարությունը»: Բուրջանաձեն Վրաստանի իշխանություններին կոչ է արել ուղիղ երկխոսության մեջ մտնել Մոսկվայի, Սուխումի ու Ցխինվալի հետ:

Տեսանյութեր

Լրահոս