Սուրիկ Խաչատրյանը գիտական կոչում չունի. Արմեն Աշոտյանի ուշագրավ հայտարարությունը «փիլիսոփայության դոկտոր» մարզպետի մասին. ԳԱԼԱ
Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն,Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանն ունի գիտական աստիճան: Սակայն նկատենք, որ Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանը ԲՈՀ-ի կողմից ճանաչման գործընթաց չի անցել:
Ի վերջո ի՞նչ գիտական աստիճան ունի Սուրիկ Խաչատրյանը: Սույն հարցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԿԳ նախարար, Սուրիկ Խաչատրյանի կուսակից Արմեն Աշոտյանը:
«ՀՀ-ում ընդունված օրենքների, ընթացակարգերի շրջանակներում Սուրեն Խաչատրյանը չի հանդիսանում գիտության ոլորտում աստիճան եւ կոչում կրող մարդ, որովհետեւ մեր ներքին ընթացակարգերով նման տեսակի գործընթաց ինքը չի անցել»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ աշխարհում կան տարբեր ակադեմիաներ, միջազգային կառույցներ, որոնք նման տեսակի՝ այսպես ասած հանրային գնահատական են տալիս ինչ-ինչ ձեւերով: «Ուզում եք հետաքրքրվել, գնացեք տեսեք Հայաստանից մինչեւ Սուրեն Խաչատրյանը ով է այդ խողովակով ինչ-որ բաներ անցել: Ես գիտեմ ով, գնացեք պրպտեք գտեք, թե դա ինչ ակադեմիա է, ով է այնտեղ աշխատում, Հայաստանից ով որ տարիներ ինչ է այդ ակադեմիայով ստացել»,- ասաց Աշոտյանը՝ ավելացնելով, թե երեւի դուք էլ եք ձեր էլեկտրոնային հասցեներով ստանում նամակներ, թե օրինակ վճարեք 10 հազար դոլար եւ ձեր անունով աստղ կկոչենք»:
«Հիմա եթե ես իմ անունով աստղ գնեմ, ի՞նչ, կասեք Աշոտյանի անունով տիեզերքում աստղ կա: ՀՀ օրենքով չկա, ՀՀ օրենքներն աշխատում են մեր դաշտում, կրթության, գիտության նախարարությունը որպես լիազոր մարմին ողջունում է, որ տարբեր քաղաքացիներ, այդ թվում նաեւ Սուրեն Խաչատրյանը կլինի, Գագիկ Ծառուկյանը կլինի, կապ չունի, սիրում են կրթության ոլորտը, աշխատում են, ինչ-որ բաներ են կարդում, պաշտպանում են, ներկայանում են, գիրք են գրում, դա շատ լավ է, բայց եթե ուզում են ֆորմալացնել այդ ամեն ինչը, պետք է գան մեր ներքին ընթացակարգով անցնեն: Եթե իրենց բավարարում է այդ կազմակերպության գնահատականը, դա իրենց պրոբլեմն է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: