Ռուսաստանն ու Չինաստանը գազային համաձայնագիր են ստորագրել
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել ռուսական գազն այսպես կոչված արևելյան երթուղով՝ «Սիբիրի ուժը» գազատարով մատակարարելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու նրա չինացի գործընկեր, Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հանդիպման ժամանակ:
Համաձայնագրի պայմաններով՝ կողմերը պարտավորվում են բազմակողմ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից Չինաստան գազի մատակարարումներին՝ կապված անհրաժեշտ գազատրանսպորտային ենթակառուցվածքների նախագծման, կառուցման ու շահագործման հետ:
Տվյալ համաձայնագիրը գործելու է 40 տարի: Ընթացիկ տարվա մայիսին ռուսական «Գազպրոմը» և չինական CNPC ընկերությունը համաձայնագիր էին ստորագրել 30 տարով, որի համաձայն՝ Ռուսաստանն արևելյան երթուղով տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարելու Չինաստանին:
Գործարքը գնահատվել էր 400 միլիարդ դոլար: Պլանավորված է, որ մատակարարումները կմեկնարկեն 2018-2019 թվականներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին գործարկել է «Սիբիրի ուժը» գազատարի կառուցումը: