Ի՞նչը ստիպեց Գագիկ Ծառուկյանին դեմ դուրս գալ Սերժ Սարգսյանի իշխանությանը

«Բարգավաճ Հայաստանը» համաձայն չէ, որ երկրում լուրջ փոփոխությունների հասնելու միակ հնարավորությունն ընտրություններն են, կարծում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսօրվա ասուլիսում նա պատասխանեց մի շարք հարցերի, որոնք գլխավորապես կապված էին ոչ իշխանական ուժերի Քառյակի հետագա գործողությունների և նաև կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորության հետ:

Ի՞նչը ստիպեց Գագիկ Ծառուկյանին դեմ դուրս գալ Սերժ Սարգսյանի իշխանությանը, եթե 2012 թ. նա արդեն մեկ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց:

Ի պատասխան այս հարցադրմանը` Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք դուրս գալիս ոչ թե անձերին, ոչ թե կուսակցություններին, այլ խայտառակ իրավիճակին, որն առկա է երկրում: Իշխանությունն ինքը իրեն դրեց հարցականի տակ` չցանկանալով իր օրակարգի առանցքում դնել այն 12 և դրան գումարած` մի քանի կետերը, որոնք մենք առաջ էինք քաշել: Իշխանությունն իր գլխի գալիքն ինքն է ձևակերպում»:

ԲՀԿ խոսնակի մեկնաբանությամբ`վաղուց ժամանակն է, որպեսզի մեր երկրում ևս նախագահի պաշտոնը դիտարկեն` որպես ծանր ու պատասխանատու աշխատանք. «ԲՀԿ առաջնորդը միշտ ասել է, որ իրեն որևէ կերպ չի հետաքրքրել ու չի էլ հետաքրքրելու նախագահի պաշտոնում լինելը: Այլ բան է` եթե ու երբ ժողովուրդն իր ամբողջականությամբ անհրաժեշտություն տեսնի, որպեսզի Գագիկ Ծառուկյանը մտնի այդ բեռի պատասխանատվության ու ծանրության տակ, կատարի այդ աշխատանքը, նա կվերցնի իր վրա ու կկատարի այդ աշխատանքը»:

Կարդացեք նաև

Խոսելով Քառյակի հետագա գործողությունների մասին` Ուրիխանյանը շեշտեց, որ դրանք ուղղված են լինելու ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայում էական փոփոխությունների հասնելուն:

ԲՀԿ առաջնորդը, ըստ կուսակցության խոսնակի, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին շատ սպառիչ ու հակիրճ «մեսիջ» է ուղղել հանրությանը, որ իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, իշխանությունները որդեգրել են քաղաքական, սոցիալ-տնտեսական այնպիսի կուրս, որի հետ Ծառուկյանը, ԲՀԿ-ն և ոչ իշխանական մյուս ուժերը համաձայն չեն, երրորդը, սկսվում է փոփոխությունների անդառնալի փուլ, այսինքն` հետնահանջ չի լինելու, և վերջապես, այս պահից սկսած` հանրահավաքում ամփոփված օրակարգը պիտի դառնա համաժողովրդական: Իսկ գործողությունների ծրագիրը կներկայացվի հաջորդ հանրահավաքին:

Ի դեպ, հաջորդ հանրահավաքի օրն արդեն հայտնի է. քիչ առաջ կայացել է Քառյակի հերթական նիստը, որից հետո Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:

 

Տեսանյութեր

Լրահոս