Ցավոք, այն, ինչ ես տեսնում եմ՝ 2008-ի կրկնություն է. Սոս Գիմիշյան

«Երկրում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան ու այդ փոփոխությունները պետք է տեղ ունենան առանց ցնցումների, այսինքն՝ հանկարծ ուկրաինական տարբերակը մեր երկրում չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած եռյակի հանրահավաքի մասին

Ըստ Ս. Գիմիշյանի՝ այսօրվա քաղաքական էլիտան իրեն սպառել է և նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, առկա ծանր խնդրիների լուծումներ չի առաջարկում, հակառակը՝ խորացնում են խնդիրները:

Ս.Գիմիշյանը կարծում է, որ փոփոխությունները պետք է անել ժողովրդի ակտիվացման միջոցով. «Այդ իմաստով այն, ինչ տեղի է ունեցել ամսի 10-ին, մենք ողջունում ենք, ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել, և բավականին լուրջ քանակի ժողովուրդ էր եկել, բայց փոփոխությունների հասնելու համար՝ ավելի մեծ զանգվածներ են հարկավոր: Պետք է այնպիսի խնդրիներ, ծրագրեր ներկայացնել, այնպիսի հարցադրումներ առաջ բերել, այնպիսի մարդկանցով դա անել, որ առավել ընդգրկուն լինի: Ակնհայտ է, որ ժողովրդի 99 տոկոսը ընդդիմադիր կեցվածք ունի, դժգոհ են այսօրվա կյանքից»:

Հարցին, թե իշխանափոխության կարիք կա՞ այսօր Հայաստանում, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Ես կընդունեմ ցանկացած փոփոխություն քաղաքական կուրսում: Օրինակ, ինչքան էլ ես ընդդիմադիր եմ այսօրվա իշխանության նկատմամբ, եթե նա վաղը բարձրանա ու հայտարարի, որ այսուհետ իրենք սկսելու են այսպես, այսպես, այսպես, ու ոչ միայն ասի՝ նաև իրականացնի, կողջունեմ: Ինձ համար իշխանավորի անունը կարևոր չէ, կարևորը՝ ինչ է ուզում և ինչպես է իրականացնում: Իշխանությունը այդպիսին կլինի, եթե լինի ժողովրդի վերահսկողությունը»:

Ս. Գիմիշյանը նշեց, որ ինքը չի մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Խոսելով հանրահավաքի մասին՝ ասաց, որ կուզենար այն ավելի որակյալ լիներ, ժողովրդի կողմից ավելի մեծ վստահություն ունենային այդ լիդերներ. «Նրանց մի մասը նախկին իշխանավորներ են, մի մասն այսօրվա իշխանության մաս են կազմել երկար տարիներ, նույնիսկ մարտի 1-ին իշխանության հետ մեր ժողովրդի դեմ զենք են կիրառել, մյուս մասը վերջին նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվե ստացավ, բայց որևիցե փոփոխություն, առաջխաղացում տեղի չունեցավ: Ես կուզենայի ամեն մի այսպիսի խոշոր միտինգի, քաղաքական պրոցեսի արդյունքում, կոմպրոմիսներով, իրար հետ լեզու գտնելով, փոխադարձ ճնշումներով և ազդեցություններով, 1-2 քայլ երկիրն առաջ գնա»:

Լրագրողներից մեկի հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հիմա եռյակը նորից հրաշալի քառյակ է, արդյոք նույն ուժը կունենա՞ քառյակը, ինչ նախկինում էր, երբ «Դաշնակցությունն» էլ էր նրանց հետ, Ս.Գիմիշյանը պատասխանեց, թե ինչքան լայն է համագարոծակցող քաղաքական ուժերի շրջանակը, այնքան լավ. «Այստեղ ամենակարևորը զուտ շրջանակը չէ, այլ ինչքանով միասնական են իրենց մոտեցումների մեջ,: Իմ պատկերացմամբ շատ տարբեր են այս ուժերը: Լավ կլիներ, որ ժողովուդը գնահատեր իրենց որպես հրաշալի քառյակ, ոչ թե իրենք իրենց: «Դաշնակցությունը» գնաց, «Ժողովրդական» կուսակցությունը միացավ, ես կարծում եմ՝ մեծ չէ փոփոխությունը»:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է քառյակը առաջ գնա, եթե այդ բանակցող կողմերից մեկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարել է, որ քառյակը միասնական օրակարգ չունի, Ս.Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Ցանկանում եմ, որ հասարակության պայքարելու ցանկությունը պահպանվի, որովհետև դա ամեն դեպքում իրավիճակ է փոխում երկրում, չեն կարող ամսի 9-ի ու այսօրվա իշխանությունը նույնը լինել, որովհետև դա ամեն դեպքում ազդում է: Ես հույս ունեմ դրական պետք է ազդի: Ես կուզենամ, որ այս պրոցեսը շարունակվի՝ անկախ իմ վերաբերմունքից հարթակում կանգնած մարդկանց նկատմամբ: Ես սրտով ժողովրդի հետ եմ: Եթե դրսից օժանդակող ուժ լինի, կարող է երկար պրոցես լինի, եթե դրսից չլինի՝ շատ կարևոր է՝ մոտակա այս 1-2 միտինգներում ինչ կասեն և ինչ կանեն: Ցավոք, այն, ինչ ես տեսնում եմ՝ 2008-ի կրկնություն է»- նկատեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս