ԲՀԿ-ական պատգամավորը խնդրում է հանրահավաքին գնալ ցանկացած տիպի տեսանկարող սարքերով
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ձեզանից շատերը մասնակցելու են մեծ համապետական հանրահավաքին: Խաղաղ ցույցերին ու հավաքներին մասնակցելը բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: Ոչ ոք իրավունք չունի արգելել, սպառնալ ձեզ ձեր իրավունքների իրացման հարցում, այն է՝ մասնակցել խաղաղ հավաքին: Վաղը Ազատության հրապարակում հավաքվելու են տասնյակ հազարավոր մարդիկ իրենց խղճի թելադրանքով իրենց բողոքի ձայնը բարձրացնելու երկրում ստեղծված իրավիճակի դեմ: Սպասվում է քաղաքացիների մեծ հոսք մարզերից: Հիշեք. որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտ ստեղծել քաղաքացիների ազատ տեղաշարժման համար, դա քրեորեն պատժելի արարք է:
Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեր մոտ եղած ցանկացած տիպի տեսանկարող սարքերով արձանագրել անօրինականությունները և այն տրամադրել ոչ իշխանական ուժերի եռյակի ներկայացուցիչներին:
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել բարձր քաղաքացիական իրավագիտակցություն, չենթարկվել որևէ սադրանքի, լինել առավել հանդուրժող և բարյացակամ միմյանց նկատմամբ: Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել բացառիկ զսպվածություն իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեր եղբայրներն ու քույրերն են, որոնք ունեն նույն հոգսերը, ինչ մյուսները, և նրանք կատարում են իրենց ծառայողական պարտականությունները՝ կարգ ու կանոն ապահովելու համար:
Վստահ եղեք. մենք՝ մեր խաղաղ պայքարով հասնելու ենք մեծ հաղթանակների՝ հանուն մեր երկրի ու մեր ապագա սերունդների: Չարությունն ու թշնամանքը մեր շարքերում տեղ չունեն»: