Պուտինն արգելել է գիշերային հանրահավաքները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Հանրահավաքների մասին» դաշնային օրենքում ուղղումներ կատարելը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Փոփոխություններն առնչվում են հանրային միջոցառումների անցկացման վերաբերյալ ժամկետին, որի մասին խոսք է գնում օրենքի 9-րդ հոդվածում: Այժմ հանրահավաքներն ու ցույցերը չեն կարող մեկնարկել տեղական ժամանակով ժամը 07.00-ից շուտ և ավարտվել ժամը 22.00-ից ուշ:
Բացառություն է արվում միայն մշակութային բովանդակությամբ հանրային միջոցառումների, ինչպես նաև այն իրադարձությունների համար, որոնք նվիրված են Ռուսաստանի համար հիշարժան տարեթվերի:
ՌԴ Պետդուման օրենքում ուղղումներ անելն ընդունել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 1-ին դրանք հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը:
2014 թվականի ամռանն էլ Պուտինն օրենք էր ստորագրել, որը խստացրել էր հանրահավաքների, ցույցերի, երթերի ու պիկետների կազմակերպման կարգի խախտման համար պատիժը: