Դավութօղլուն հայտնել է, թե որ դեպքում Թուրքիան կմիանա Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողությանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցին:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում կմասնակցի «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողությանը միայն այն պայմանով, եթե Սիրիայի հյուսիսային հատվածի օդային տարածքը հայտարարվի ոչ թռիչքային գոտի:

Դավութօղլուն դա պայմանավորել է Սիրիայից փախստականների մեծ ներհոսքով (1.6 միլիոն մարդ) և ընդգծել է, որ միայն ավիահարվածները բավական չեն «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Դավութօղլուի խոսքերով՝ Սիրիայում ահաբեկիչների ակտիվանալու ու բռնությունների աճի «պատճառը» Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգն է. «Քանի դեռ Բաշար Ասադը մնում է իշխանության ղեկին, Սիրիայի քաղաքների մեծ մասը կանցնի «Իսլամական պետության» վերահսկողության ներքո»:

Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին է «Իսլամական պետությանը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս