Ինչպես են իշխանափոխություն անելու հոկտեմբերի 10-ին

Հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքի հետ կապված կան մի քանի բաց հարցեր, որոնց նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվում են պարզ և հասկանալի պատասխաններ տալ: Նախ` հայտնի չէ, թե արդյոք հանրահավաքին մասնակցելո՞ւ են հանրահավաք հրավիրող կուսակցությունների լիդերները. խոսքն առաջին հերթին` վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Սա զուտ կազմակերպչական բնույթի հարց է, բայց հանրահավաքի հավանական մասնակիցներն այն համարում են խիստ սկզբունքային և իրենց մասնակցությունը հանրահավաքին պայմանավորում են այս հանգամանքով. եթե Ծառուկյանը և Տեր-Պետրոսյանը մասնակցելու են, կմասնակցեն նաև իրենք, եթե չեն մասնակցելու, ապա իրենց մասնակցությունն ի՞նչ իմաստ ունի:

Մյուս կարևոր հարցը վերաբերում է հանրահավաքի բովանդակությանը:

«Ժառանգությունը» և ՀԱԿ-ն ավելի վաղ, իսկ ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ նաև հանրահավաքին ընդառաջ հայտարարում են իշխանափոխության անհրաժեշտության մասին: Սա նշանակում է, որ բացի ֆորմալ օրակարգից` կառավարությանը ներկայացված 12 կետերի կատարման ընթացի քննարկումը և սահմանադրական բարեփոխումների նկատմամբ վերաբերմունք արտահայտելը, հանրահավաքի ներկայացուցիչներն իրենց առաջ իշխանափոխության խնդիր են դրել:

Նրանք առայժմ չեն պաշտոնականացնում այդ օրակարգը` ասելով, որ հանրահավաքի օրակարգը պետք է ձևակերպեն հանրահավաքի մասնակիցները, բայց արդեն պարզ է, որ մասնակիցների և կազմակերպիչների միջև իշխանափոխության հարցում կա ձևավորված կոնսենսուս:

Կարդացեք նաև

Մնում է, որ հանրահավաքի կազմակերպիչները հարթակից հարցնեն, թե ինչ են ուզում մասնակիցները, և երբ նրանք հայտարարեն «իշխանափոխություն», հայտարարվի, որ օրակարգը հաստատված է:

Ինչպես պետք է հանրահավաքի մասնակիցները հասնեն այդ նպատակի իրականացմանը: Այս հարցին ևս հանրահավաքի մասնակիցները որևէ հրապարակային պատասխան չեն տալիս: Փորձենք նրանց փոխարեն պատասխանել այս հարցերին՝ հենվելով հանրահավաքի կազմակերպիչ կուսակցություններին մոտ կանգնած մեր աղբյուրների վրա:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հանրահավաքին մասնակցության հարցը, կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ըստ էության, որոշված է. նա մասնակցելու է հանրահավաքին: Դրա մասին նախապես չի հայտարարվում` ինտրիգը պահպանելու համար: Այսինքն՝ մինչև վերջին պահը հասարակությունը պետք է քննարկի հարցը՝ արդյո՞ք կմասնակցի Ծառուկյանը հանրահավաքին, թե՞ ոչ և երբ նա կբարձրանա Ազատության հրապարակի հարթակ, դա կդիտվի` որպես նրա կողմից դրսևորած մեծագույն հերոսություն և իշխանության նկատմամբ տարած փառավոր հաղթանակի ապացույց:

Եթե Ծառուկյանը մասնակցում է հանրահավաքին, բնականաբար, կմասնակցեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Կա մի ենթատարբերակ. ըստ որի` Ծառուկյանը չի մասնակցի հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքին, բայց հանրահավաքը վարողը կհայտարարի, որ նա մասնակցելու է հաջորդ օրվա հանրահավաքին: Սա կարող է արվել Ծառուկյանի մասնակցության ինտրիգը ևս մեկ օրով երկարաձգելու համար, սական այդ տարբերակն այս պահին քիչ հավանական է համարվում:

Իհարկե, հնարավոր է, որ ԲՀԿ ղեկավարն ընդհանրապես ներկա չլինի հանրահավաքին, բայց դա ամենաանհավանական տարբերակն է, քանի որ այդ դեպքում նա ընդհանրապես կհեղինակազրկվի, և նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները հայտարարում են, որ Ծառուկյանն ինքը բոլորից լավ է դա հասկանում:

Իսկ ինչպե՞ս պետք է հանրահավաքի մասնակիցներն իրականացնեն իշխանափոխության ծրագիր, եթե նկատի ունենանք, որ հանրահավաքի հիմնական օրակարգը դառնալու է հենց իշխանափոխությունը, քանի որ ոչ կառավարությանը ներկայացված 12 կետերը, և ոչ էլ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ հանրահավաքի կազմակերպիչ կուսակցությունների դիրքորոշումը որևէ մեկին չի հետաքրքրում:

Հանրահավաքի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամենաառաջին և ամենակարևոր նախապայմանն այն է, որ հանրահավաքը պետք է լինի շարունակական. հանրահավաքի մասնակիցները չպետք է լքեն «Ազատության» հրապարակը, և պետք է հայտարարվի շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին: Հրապարակը չպետք է լքեն ինչպես` կազմակերպիչները, այնպես էլ` մասնակիցները:

Հնարավոր է համարվում, որ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների անդամ որոշ պատգամավորներ կհայտարարեն անժամկետ նստացույցի մասին, ինչի նշանակում է, որ նրանք մշտապես ներկա կլինեն հրապարակում: Այդ ժամանակ կհրապարակվի իշխանություններին ուղղված հրաժարականի պահանջ: Հանրահավաքի մասնակիցները ենթադրում են, որ հանրահավաքի մասնակիցների թիվը մի քանի օրվա ընթացքում կավելանա և կհասնի այնպիսի կրիտիկական զանգվածի, որի պայմաններում իշխանությունը ստիպված կլինի տեղի տալ նրանց պահանջին: Այն, ինչ չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին` կազմաքանդել իշխանական բուրգը, պետք է հաջողվի 2014թ.:

Մեր տեղեկություններով` հանրահավաքի կազմակերպիչներն արդեն որոշակի կազմակերպչական աշխատանք են կատարում շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին տաք հագուստով և սննդով ապահովելու համար: Նրանք վստահեցնում են, որ կա ինչպես` ֆինանսական, այնպես էլ կազմակերպչական հստակ բազա` այդ խնդիրն իրականացնելու համար:

Հանրահավաքի կազմակերպիչները՝ որպես իշխանափոխության ամենաթարմ տարբերակ, համարում են Կիևում այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունները, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաժողովրդական շարժման ճնշման տակ ստիպված եղավ հայտարարել իր հրաժարականի մասին: Եվ եթե Ուկրաինայում այդ պրոցեսը տևեց մի քանի ամիս, ապա հայաստանյան «մայդանի» կազմակերպիչները համոզված են, որ նույն բանը Հայաստանում անելու համար կպահանջվի մի քանի օր:

Որքանո՞վ է իրատեսական իշխանափոխության նման սցենարը Հայաստանում, հիմա դժվար է ասել: Բայց փաստ է, որ այս սխեմայով իշխանափոխություն իրականացնելու վերջին փորձը Հայաստանում եղավ 2008թ. փետրվարին, որը, ի վերջո, հանգեցրեց մարտի 1-ի իրադարձություններին: Նույն Ուկրաինայում ևս իշխանության բռնի տապալումն արժեցավ մի քանի հարյուր մարդու կյանք և Կիևի կենտրոնի ավերածությանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս