Իրանը պատրաստվում է ուղեծիր արձակել սեփական արտադրության երեք նոր արբանյակ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստվում է ուղեծիր արձակել սեփական արտադրության երեք նոր արբանյակ: Այս մասին Տիեզերքի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելին:
Ֆազելին մանրամասնել է, որ խոսքը գնում է «Զաֆար», «Տոլու» և «Աութսատ» անվանումները ստացած արբանյակաների մասին, որոնք կլուսանկարեն Երկրի մակերևույթը և դրանք կփոխանցեն ցամաքային կայաններին:
Ընթացիկ տարվա մայիսին Ֆազելին հայտարարել էր, որ արբանայակների արձակումը պլանավորված է իրանական հաջորդ տարվա ընթացքում (2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի մարտ): Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Իրանը պլանավորել է մոտակա 4 տարվա ընթացքում տիեզերք ուղարկել մարդ: