Թուրքիայում երկու տարի գաղտնալսել են Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին (2007-2014) նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցները գաղտնալսել են երկու տարի շարունակ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի հեռահաղորդակցային վարչությունը (TIB):
Դա պարզվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին կատարված բացահայտումների («Մեծ Կաշառք» գործողություն) հետաքննման շրջանակներում: Մանավորապես, Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հեռախոսազրույցները գաղտնալսել են 2012 թվականից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում:
Տվյալ գործի մանրամասների բացահայտմամբ զբաղվում է Անկարայի հանրապետական դատախազությունը:
Հիշեցնենք, որ գաղտնալսումների վերաբերյալ (TIB) պատրաստած զեկույցի համաձայն, 2012-2013 թվականներին Թուրքիայում գաղտնալսվել է 1.190.000 հեռախոսազրույց: Հաշվետու ժամանակահատվածում գաղտնալսումներն առնչվել են 509.516 մարդու, որից 257.454-ին գաղտնալսել են 2012 թվականին, իսկ 252.062-ին՝ 2013 թվականին: Թուրքիայի չափահաս բնակչության քանակը հասնում է 50 միլիոն մարդու, ինչը նշանակում է, որ գաղտնալսել են նրանց 1 տոկոսին: