Փորձագետները խորհուրդ են տալիս անցում կատարել քառօրյա աշխատանքային շաբաթի
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս անցում կատարել քառօրյա աշխատանքային շաբաթի, քանի որ կարծում են, որ աշխատանքային այդ ռեժիմն ավելի լավ է, քան հնգօրյա աշխատանքային շաբաթը:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները մի շարք փաստարկներ են բերում իրենց առաջարկի օգտին:
1) Աշխատանքային քառօրյա շաբաթին անցում կատարելը հնարավորություն կտա ուղղել բնակչության առողջությունը, քանի որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ հիվանդություններ առաջանում են գրասենյակում մշտապես գտնվելու, սթրեսի և այլ պատճառներով:
2) Աշխատանքային կարճ շաբաթը հնարավորություն կտա ստեղծել ավելի շատ աշխատատեղեր:
3) Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ ավելի արդյունավետ են, եթե աշխատում են ավելի քիչ: Գրասենյակում երկար ժամեր անցկացնողները հաճախ միայն ստեղծում են դրա բուռն գործունեության պատրանք: Մեկ այլ հետազոտություն վկայել է, որ շաբաթական 4 օր աշխատանքին տրամադրող մարդիկ ավելի երջանիկ են ու կյանքից գոհ:
4) Ժամանակակից աշխարհի համար ամենածանրակշիռ փաստարկներից մեկն էլ այն է, որ աշխատանքային մեկ օրից հրաժարվելը դրականորեն կանդրադառնա շրջակա միջավայրի վրա` հաշվի առնելով առնվազն այն, որ դրա արդյունքում շաբաթական մի քանի միլիարդով կպակասի աշխատանքի գնալն ու աշխատանքից վերադառնալը:
Քառօրյա աշխատանքային շաբաթը շատ արդիական թեմա է, որը հաճախ քննարկում են բիզնես շրջանակներում: