Սյունիքում ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար ամուսինն անչափահաս կնոջը ծեծել է, նրա կամքին հակառակ կտրել մազերը
Առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու մեջ և դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով անչափահաս աղջկա հետ, ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար աղջկա նկատմամբ կատարել է խոշտանգում` դիտավորությամբ վերջինիս մարմնի տարբեր հատվածներին պարբերաբար հարվածներ հասցնելու եղանակով պատճառել է ուժեղ ցավ, ապա զրկելով շարժվելու հնարավորությունից՝ նրա կամքին հակառակ կտրել գլխի մազերը, իսկ երբ աղջիկը, ազատվելով նրա ձեռքից, փախել է տնից, նա բռնել է նրան և ձեռքը ոլորելով վերադարձրել տուն` իր գործողություններով աղջկան պատճառելով հոգեկան տառապանք և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ երկու այլ օր երիտասարդը նույն շարժառիթով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա գլխին և աջ ուսի շրջանին, ծեծել է նրան, երկու անգամ ապտակել, մեկ անգամ էլ ոտքով հարվածել է որովայնին: Դատաքննության ընթացքում, սակայն, կինն ու ամուսինը դիմումներ են ներկայացրել դատարան՝ նշելով, որ հաշտվել են միմյանց հետ, և միջնորդել են կարճել քրեական գործը: Դատարանի որոշմամբ կարճվել է քրեական գործի վարույթը՝ երկու դեպքով ծեծի համար առաջադրված մեղադրանքի մասով:
Խոշտանգման համար առաջադրված մեղադրանքի մասով դատարանը դատաքննություն է անցկացրել. ընդ որում, ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, նա համաձայնել է մեղադրանքի հետ, իրեն լիովին մեղավոր է ճանաչում: