Սիրիայում մեր ամենամեծ խնդիրը եղել են տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները. Ջո Բայդեն
ТАСС-ի փոխանցմամբ՝ Սիրիայում գործող ահաբեկիչները, այդ թվում նաև «Ալ-Քաիդայի» զինյալները ֆինանսավորում և այլ աջակցություն են ստացել տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցներից: Այս մասին Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ) երեկ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը.
«Սիրիայում մեր ամենամեծ խնդիրը եղել են տարածաշրջանում մեր դաշնակիցները: Թուրքերը մեր ընկերներն են, ինչպես և սաուդցիները, էմիրությունների բնակիչներն ու մյուսները: Սակայն ի՞նչ են արել նրանք:
Նրանք չափազանց շատ են կենտրոնացել Ասադին տապալելու վրա և միջնորդավորված պատերազմ են վարել սուննիների ու շիաների միջև: Նրանք հարյուրավոր միլիոն դոլարներ ու տասնյակ հազարավոր տոննա զենք են ուղարկել բոլորին, ովքեր համաձայնվել են պատերազմել Ասադի դեմ:
Այդ օգնությունը ստացողները հանդիսացել են «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Ալ-Քաիդայի» զինյալներ ու ծայրահեղական տրամադրություններով տարրեր, որոնք ժամանել են աշխարհի մյուս մասերից: Դուք կարծում եք, թե ես չափազանցնո՞ւմ եմ: Ինքներդ տեսեք, թե դա ինչի է հանգեցրել:
Այժմ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները գիտակցել են իրենց սխալը և համաձայնվել են միանալ մեր գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիային: Նրանք անսպասելիորեն հասկացան, թե ինչումն է բանը»: