ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինացի գործընկերներին խորհուրդ է տվել կարդալ Գոգոլի ստեղծագործությունները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինացի դիվանագետներին խորհուրդ է տվել կարդալ Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» ստեղծագործությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Նովոռոսիան Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում գտնվող ավան է:
Սեպտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես օգտագործել է «Նովոռոսիա» բառը, որի տակ սովորաբար հասկացվում են ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ բառն օգտագործել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ, որում կարևորվել էր Կիևի իշխանությունների ու Նովոռոսիայի ղեկավարության միջև ուղիղ երկխոսության հաստատումը:
Դրանից հետո Կիևը հայտարարել էր, որ Նովոռոսիան ռուսական Հեռավոր Արևելքում գտնվող մի ավան է: Դրա հետ կապված՝ ՌԴ ԱԳՆ-ը ուկրաինական կողմին խորհուրդ է տվել կարդալ Գոգոլի «Տարաս Բուլբա» ստեղծագործությունը՝ ընդգծելով, որ Պրիմորիեի երկրամասում Նովոռոսիան փնտրելն ուկրաինական կողմի համար կարող է անսպասելի արդյունք ունենալ, այն է՝ Ուկրաինան կհայտնաբերվի Ամուրի մարզում:
ՌԴ ԱԳՆ-ը չի բացառել, որ նույն մտածելակերպով առաջնորդվելիս էլ Օդեսան կարող է հայտնաբերվել ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում: