Անդրիաս Ղուկասյանը ներկա է լինելու եռյակի հանրահավաքին
Անդրեաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ներքաղաքական վերջին զարգացումներին՝ ասելով, թե բոլորիս պետք է մտահոգի այն հարցը, որ մենք տարիների ընթացքում մեր աչքի առաջ ստեղծել ենք քաղաքական այնպիսի համակարգ, որ հանցավոր խմբերը հնարավորություն ունեն Սահմանադրության 2-րդ կետը խախտելով ուզուրպացնել իշխանությունը՝ այդ իշխանությունը քաղաքացիներից գնելով ընտրությունների ժամանակ, իսկ հետագայում որևէ մեկի առաջ որևէ պատասխանատվություն չունենալ, գործել այնպես, ինչպես իրենք հարմար են գտնում՝ անձնական շահերից ելնելով:
Ա. Ղուկասյան տեսնում է մի մարդ, որը լիովին ազատ է գերտերությունների հետ սակարկել մեր երկրի ազգային շահերը. «Բոլորս էլ արդեն քաղաքական գործընթացը դիտարկում ենք այնպես, թե որքանո՞վ հաջող կստացվի Սերժ Սարգսյանի մոտ մեր ազգային շահերը վաճառել կա՛մ Ռուսաստանին, կա՛մ մեկ այլ պետության»:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոփոխություններին, մասնավորապես այն հարցին, թե որքանով են այս պահին անհրաժեշտ այդ փոփոխությունները և ինչ հետևանքներ կունենան դրանք՝ Ա. Ղուկասյանն ասաց, որ այն հասարակությունը, որտեղ չկա իշխանության բաժանում և իրավունքների պաշտպանվածություն, չկա նաև Սահմանադրություն.
«Մենք այսօր չունենք Սահմանադրություն, քանի որ մեր երկրում չկա իշխանությունների բաժանում: Գործող Սահմանադրությունը թույլ է տալիս փոքր մարդկանց խմբին նշանակել, առաջադրել, ընտրել բոլոր պետական պաշտոններում բոլոր թեկնածուներին: Այսինքն՝ ամբողջ պետական մենաշնորհը կուտակված է միայն մի քանի մարդկանց ձեռքերում, որոնք նաև բաժանում են տնտեսական ոլորտները միմյանց միջև, և ձևավորվում է քրեական օլիգարխիան, ինչը կարծես թե Հայաստանում բոլորի կողմից ընդունված և ճանաչված վիճակ է, որ գոյություն ունի տարիներ շարունակ:
Բնականաբար, այս իրավիճակը փոխելու համար սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են: Այդ փոփոխություններն այսօր կարող են նախաձեռնվել կա՛մ Սերժ Սարգսյանի կողմից, ինչն ինքն անում է, կա՛մ խորհրդարանական ուժերի կողմից, ինչն իրենք չեն անում և կարծես թե ցանկություն էլ չունեն քաղաքական նման գործառույթ իրականացնել, կա՛մ ժողովրդի կողմից. դա 4-րդ հանրապետութուն հիմնադրելու ճանապարհն է:
Ժողովուրդը միշտ իրավունք ունի ձևավորել Սահմանադրական ժողով՝ անկախ գոյություն ունեցող իշխանություններից, և հիմնադրի նոր պետություն: Դա յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքից բխող կարողությունն է: Այն, որ այժմ այդ նախաձեռնությունը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, որևէ լավ բան դրանից ակնկալել չի կարելի: Բայց Սերժ Սարգսյանի թիմը, ինչպես երևում է, նույնիսկ չի կարող այդ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը մատուցել հանրությանը և ինֆորմացիոն տիրույթում պարտվել է. եռյակին հաջողվել է հանրության մեջ ստեղծել կարծիք, որ այդ փոփոխություններն ուղղված են ընդամենը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովելուն»:
Խոսելով նաև հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իր կարծիքով՝ այդ օրը կհնչեն իշխանափոխության կոչեր, և հանրահավաքը կստեղծի մի իրավիճակ, որը կունենա իր հետագա զարգացումները. կբարձրանա սոցիալական ակտիվությունը. «Դժվարանում եմ ասել՝ դա կդառնա՞ քաղաքացիական շարժում, թե՞ ոչ, դրան կմիանա՞ն լայն սոցիալական շերտեր, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ այդ միջոցառումն իր արձագանքը հանրության մեջ ունենալու է:
Ես լինելու եմ հանրահավաքին՝ ի պաշտոնե, բայց ելույթ չեմ ունենալու: Ես ուսումնասիրել եմ այն ելույթները, որոնք հնչեցին շրջաններում հանրահավաքների ժամանակ: Իմ կարծիքով՝ այն թեզը, ինչի շուրջ եռյակը հրավիրում է քաղաքացիներին համախմբվելու, դեռ պարզ չէ, և, ինչպես հասկանում եմ, այդ թեզը դեռ պիտի վերջնականապես մատուցվի հոկտեմբերի 10-ին, որից հետո բոլոր քաղաքական ուժերին պարզ կլինի, թե ինչպես համագործակցեն, կամ առհասարակ համագործակցե՞ն, թե՞ ոչ»: