Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է. Կասպարով

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ շախմատի գծով աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարիի Կասպարովը Yahoo News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է, և որ Պուտինն ԱՄՆ-ի համար ներկայացնում է ավելի մեծ սպառնալիք, քան՝ «Իսլամական պետությունը»:

Կասպարովը սուր քննադատության է ենթարկել ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին: Նրա կարծիքով՝ Օբաման չափազանց ուշացած է արձագանքել Ուկրաինայում Պուտինի ագրեսիային, ինչն էլ վերջին հաշվով հանգեցրել է Ղրիմի բռնակցմանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի քայլերի հանդեպ եվրոպացիների անտարբերությանը, ապա Կասպարովը դա համեմատել է այն ինքնահանգստացման հետ, որն աշխարհում տիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին:

Դրա հետ մեկտեղ նա Վաշինգտոնին ու նրա արևմտյան դաշնակիցներին մեղադրել է երկերասանիության մեջ՝ հայտարարելով, որ նրանք պայմանավորվել են մատակարարումներով օգնել ջիհադականների դեմ պայքարող սիրիացի ապստամբներին, սակայն միևնույն ժամանակ մերժել են Ուկրաինայի համանման խնդրանքը:

Կասպարովն աջակցություն է հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմին՝ ընդգծելով, որ որոշակի պահի դրանք վնաս կպատճառեն ոչ միայն ռուսական էկոնոմիկային, այլև՝ անձամբ Վլադիմիր Պուտինին ու նրա շրջապատին: Ընդ որում, դրա համար անհրաժեշտ է պատժամիջոցները պահպանել առնվազն մինչև 2015 թվականի մարտը:

Կասպարովը մտավախություն ունի, որ Պուտինը կարող է սառը ձմեռն օգտագործել որպես պատժամիջոցների դյուրացման համար լծակ՝ սպառնալով կտրել Եվրոպայի գազամատակարարումը: Չնայած դրան՝ Կասպարովը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը բլեֆ է անում. «Նա պոկեր է խաղում, երբ մնացյալ բոլորը խաղում են շախմատ»:

Կասպարովը նաև կողմ է արտահայտվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկ այլ երկիր տեղափոխելուն, որը պետք է 2018 թվականին անցկացվի Ռուսաստանում: Կասպարովը հայտարարել է, որ որևէ լավ բան չի ակնկալում Ռուսաստանի համար, քանի դեռ Կրեմլում նստում է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս