Ազատ Արշակյան. Ուզում եմ հասկանալ, թե «եռյակը» ի՞նչ է ուզում. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթի լրագրողը զրուցել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

– Նախօրեին մեկնարկեց խորհրդարանական «եռյակի» հանրահավաքների շարքը. ի՞նչ անուն տալ դրան՝ թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ «եռյակի» PR ակցիա:

– Հանրահավաքների, երթերի միջոցով իշխանափոխության կարելի էր հասնել խորհրդային տարիներին, երբ չկար խոսքի ազատություն, երբ չկային ժամանակակից համակարգչային հնարավորությունները: Այսինքն՝ երթը, հանրահավաքը այն ժամանակ միջոց էր, որ հասարակությունը լսեր «տրիբունաներից» հնչող իր խոսնակների ձայնը: Բայց դա այլեւս ժամկետանց, հնացած մեթոդ է:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա բավարար չափով խոսքի ազատություն, իրենց ասելիքը կարող են ժողովրդին հասցնել նաեւ կուսակցական մարզային կառույցների միջոցով: Հետեւաբար հին մեթոդները այլեւս գործուն չեն: Բայց քանի որ իրենց ներսում կան հին արհեստավարժ կադրեր, որոնք ժամանակին կարողացել են այդ մեթոդներով հասնել իշխանության, հիմա էլ սովորույթի ուժով նույնն են ուզում կրկնել՝ չնայելով օրացույցին, չիմանալով, որ ժամանակները փոխվել են: Իսկ ներկան այլ բան է պահանջում, այսօրվա հանրահավաքները պետք է ունենան այլ բովանդակություն, դրանք պետք է լինեն տոնախմբություններ, ինչպիսին նախընտրական հանրահավաքներն են աշխարհում:

Դրանք իրականում ժողովրդավարական տոնակատարություններ են, երբ քաղաքական ուժերը հանրության հետ մտնում են անմիջական շփման մեջ:

Հիմա ուզում եմ հասկանալ, թե «եռյակը» ի՞նչ է ուզում: Եթե խորհրդային սովորույթի համաձայն ուզում են կրկնել հին մեխանիզմը՝ սխալվում են: Դա նախորդ «պատերազմի» «զենքն» է, ուրեմն այն ժամանակվա հաղթանակն էլ հիմա չի կրկնվի:

Եթե, այնուհանդերձ, ուզում են իբրեւ ժողովրդավարության դրսեւորում, տոնակատարություն կազմակերպել, ուրեմն ժողովրդին պետք է ներկայանան լավատեսական, պետականանպաստ ծրագրերով: Բայց «եռյակի» ծրագիրը նեգատիվ է, ասում են՝ վա՛տ է, վա՛տ է, շատ վա՛տ է, հարկավոր է կասեցնել փլուզումը, արմագեդոն է սպասվում: Հետեւությունս է՝ այն, ինչ անում է «եռյակը», ոչ ժողովրդավարական տոնախմբություն է, ո’չ հեղափոխություն, ոչ էլ PR ակցիա, այլ ընդամենը դատարկ զբաղմունք, ռեսուրսների վատնում:

– Այդ դեպքում, ինչի՞ն է միտված «եռյակի» դատարկ զբաղմունքը, այն չի կարող որոշակի նպատակներ չհետապնդել, ուրեմն եկեք իրերը կոչենք իրենց անուններով։

– Եկեք կոչենք.՝ «Եռյակի», հանրահավաքները կեղծ միջոցառումներ են։ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում շատ բան է փոխվել։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մեր դաշնակից երկրներում ևս չգիտեն, թե ինչ պետք է անել, անտեղյակ են, քանի որ այսօր ձևավորվում է նոր աշխարհի նոր ծրագիրը։ Իսկ գլոբալ ծրագրի բացակայության, այդ անորոշ իրավիճակում դուրս գալ պայքարի՝ նշանակում է քանդել, այսինքն՝ առաջարկել նորություն, չունենալով զորություն։ «Եռյակը» իրականացնում է քանդող կազմալուծող ծրագիր, որովհետև մեր հասարակությանը ոչինչ չի առաջարկում։ Անգամ իրենց ՝ հայտնի չէ, թե քանդելուց հետո ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, որովհետև «եռյակը» չունի կառուցողական ծրագիր։ Նրանք ասում են՝ բոլորդ հեռացեք, բայց չեն ասում, թե, օրինակ, ինտեգրացիոն ո՞ր ուղու ընտրությունը լավ կլինի Հայաստանի համար՝ Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական տնտեսական միության, ոչինչ չեն առաջարկում, միայն ասում են՝ գնա։ Կնշանակի, որ այդ «գնան» ուղղված է մեր պետականությանը։ Ուրեմն ինչ է սա, եթե ոչ կազմաքանդում։

Աբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս