Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով,  հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից: Նախագահը, մասնավորապես, նշել է.

«Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հարգարժան հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 Ուրախ եմ «ԱրմԹեք-14» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ գլոբալ համաժողովը բացելու և այս ոլորտում մեր երկրի ձեռքբերումներն ու մարտահրավերները Ձեզ՝ մասնագիտական հանրությանը, ներկայացնելու համար: Մեծապես կարևորում եմ այս համաժողովի պարբերական անցկացումը, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում քննարկելու, ծրագրելու և իրագործելու Հայաստանի ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունը: Այն թույլ է տալիս նաև հայտնաբերելու նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծելու նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ամրացնելու առկա գործարար կապերը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների հայաստանյան ու համաշխարհային կազմակերպությունների միջև: Այս ամենն անկասկած հետևողականորեն տանում է Հայաստանի` որպես այս ոլորտում առավել արագ զարգացող երկրի վարկանիշի ամրապնդմանը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում՝ արձանագրելով տարեկան միջինում 22-25 տոկոս աճ: Վերջին տարիներին մեծանում են արտահանման և ներդրումների ծավալները, համապատասխանաբար ընդլայնվում է աշխարհագրությունը, արտահանումը կազմում է գրեթե 60 տոկոս: Ակտիվ գործող կազմակերպությունների թիվը գերազանցում է 380-ը, ինչի արդյունքում աշխատուժը տարեկան առնվազն 10 տոկոս աճ է արձանագրում: Այսօր այդ ոլորտում ներգրավված է շուրջ 11 հազար մասնագետ, ինչը Հայաստանի համար փոքր թիվ չէ: Զգալի առաջընթաց կա նաև ոլորտի անդրազգային կազմակերպությունների՝ Հայաստան մուտքի ուղղությամբ, որի վկայությունը նաև «ԱրմԹեք» համաժողովին մեր միջազգային գործընկերների ներկայությունն է:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտելիքահեն ոլորտների կայուն զարգացման համար պետությունը շարունակական աջակցության հանձնառություն է վերցրել: Այդ նպատակով 2009թ. հիմնվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց: Անցած տարի, օրինակ, այդ մրցանակին է արժանացել Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին: Իսկ այս տարի այդ մրցանակը բաժին է հասել «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային:

Վերջին հինգ տարվա ընթացքում ՏՏ ոլորտում նկատվում է նաև որակական աճ. հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող, բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կառույցների: Հայկական տեղեկատվական ոլորտի ապրանքները, այդ թվում՝ սկսնակ կազմակերպություններինը, ձեռք են բերվում արտասահմանյան կազմակերպությունների կողմից, ինչը նպաստում է նաև Հայաստանի գրավչության բարձրացմանը:

Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ տարբեր կիրառության միկրոսխեմաների մեծ մասում ներդրված են հայկական մշակումներ, բազմաթիվ առաջատար բանկեր կիրառում են Հայաստանում մշակված համակարգերը, մի շարք երկրների նավթահորերի, գազամուղների, ստորգետնյա և վերգետնյա տրանսպորտի կառավարման համակարգերում ներդրված են մեր մասնագետների բարդագույն և ամբողջական ինժեներական լուծումները, և այս ցանկը կարելի է դեռևս երկար շարունակել:

Դա է պատճառը, որ մի շարք անդրազգային կազմակերպություններ իրենց հետազոտական և ինովացիոն կենտրոններն են հիմնում Հայաստանում: Հատկապես կառանձնացնեի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նեյշնըլ ինսթրումենթսի-ի, ԱՅ ԲԻ ԷՄ-ի-ի, Օրաքլի-ի, ԴԻ-լինքի-ի տարածաշրջանային կենտրոնները, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստմանը, նորաստեղծ կազմակերպությունների ձևավորմանը և տեխնոլոգիաների տարածմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ինչն էլ մեր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման գրավականն է: Ուրախալի է, որ նշված կենտրոնները մեր տարածաշրջանի եթե ոչ միակ, ապա ամենախոշոր կենտրոններն են, ինչն էլ լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:

Բնականաբար, մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորագույն խթաններից է Սփյուռքի հետ փոխգործակցությունն ու Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտման գործընթացում: Համոզված եմ, որ այս ոլորտում մեր որդեգրած պետական քաղաքականության և մեր հայրենակիցների գործուն աջակցության շնորհիվ կարձանագրենք տեխնոլոգիական ներգաղթ դեպի Հայաստան: Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ համաժողովին բովանդակային և արդյունավետ աշխատանք, որը, վստահ եմ, այս անգամ ևս կնշանավորվի նոր գործարար կապերի հաստատմամբ և նոր ծրագրերի նախանշմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս