Հրանուշ Խառատյան. Հայաստանը կառավարում են լիսկաները
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու մասին կառավարության որոշմանը, գրել է.
«Այսօրվա կառավարության նիստի բոլոր մասնակիցները, ովքեր լուռ ու մունջ կուլ են տվել, իսկ ոմանք գուցե հորթային ուրախությամբ են ընդունել լիսկայի բդեշխության նշանակումը, միասնական հայտարարել են` «մենք լիսկա՜ ենք, մենք լիսկա՜ ենք»… Այսպիսով՝ վստահ կարելի է վավերացնել, որ Հայաստանը կառավարում են լիսկաները և ուրեմն՝ Հայաստանի վարքականոնի հավատո հանգանակը լիսկայական է:
Բայց սա հարցի մի կողմն է: Եթե նույնիսկ լիսկան մարդասպան չէ, բայց հասարակությունը խորապես համոզված է, որ նա մարդասպան է, եթե հասարակությանը բավարար ապացույցներ չեն տրվել նրա «մարդասպան չէ»-ի մասին, նա մարդասպան է հասարակության համար: Նա թալանչի է, գող է, բռնացող է, գրպանահատ է հասարակության համար: Այսօրվա կառավարության նիստը հաստատեց, որ ինքը բդեշխներին ընտրում է հասարակության համար գող, բռնացող, թալանչի, գրապանահատ, մարդասպան տեսակներից: Եվ ուրեմն՝ ինչքան շատ այդ կարգի մարդիկ՝ այնքան ընտրության հնարավորության ընդլայնում: Սա հենց այն է, ինչ հասարակագիտական օրենքը հաստատում է՝ հասարակությունն է պատճենում իշխանության վարքը, ուրեմն իշխանությունն է ձևավորում հասարակական վարքի որակը… Սպասենք լիսկաների բազմության…»: