Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը ցուցմունք է տվել որդու մասին. azatutyun.am
azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով այսօր Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում:
Գորիսում դատավարությանը հետևող լրագրող Մերի Սողոմոնյանի փոխանցմամբ, դատավոր Նապոլեոն Օհանյանը նիստին ներկա լրագրողներին արգելել է տեսագրել նախկին մարզպետի տիկնոջը, թեև դատական նիստը բաց է և հրապարակային:
Սուրիկ Խաչատրյանի 20-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր դատարան չի ներկայացել: Նա կալանավորվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության մեղադրանքով, սակայն իրավապահները որոշում էին կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այժմ Տիգրան Խաչատրյանը այս գործով վկայի կարգավիճակ ունի: Տիգրան Խաչատրյանի մայրը՝ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը, դատարանին հստակ տեղեկություն չի հայտնել, թե որտեղ է որդին:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել Լորետա Բարսեղյանի գրավոր բացատրությանը: Լորետա Բարսեղյանին հարց է ուղղել դատավորը՝ «չի՞ ասել, Հայաստանի Հանրապետությունից բացակայում է արդյոք, թե՞ ոչ»:
«Նրա անվտանգությունից ելնելով ես չեմ կարող ասել», – պատասխանել է Լորետա Բարսեղյանը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդել է Սուրիկ Խաչատրյանի որդուն հարցաքննելու միջնորդությունը: Դատավոր Նապոլեոն Օհանյանը պատասխանել է, թե՝ «ոստիկանության պետին մենք նախազգուշացրել ենք, որ բերման որոշումն ուժի մեջ է»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: