Էդուարդ Շարմազանով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա

Սեպտեմբերի 24-ին Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթի խոսքով.

«Մեծարգո՛ տիկին փոխնախագահ,
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել փոխնախագահ Հորսկային հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ ցուցաբերվում է ինձ և հայկական պատվիրակությանը: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում, և երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր երկրների:

Հարգարժա՛ն ներկաներ,
Մենք դրական ենք գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը:
Հարկ է նշել, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը:

Կցանկանայի ընդգծել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Դրա վառ վկայությունը վերջերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն էր:

Կարևորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը միջազգային կառույցների շրջանակներում, մասնավորապես Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովներում, ցանկալի կլիներ, եթե Եվրախորհրդարանի չեխ պատգամավորները ևս ակտիվորեն աջակցեին այդ կառույցում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների ձևավորմանը։

Մեծարգո՛ տիկին փոխնախագահ,
2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ: Պաշտոնապես հրավիրում եմ Ձեզ մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:
Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն:
Կրկին շնորհակալ եմ, մեծարգո՛ տիկին փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար և լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի և՛ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

 

 

Տեսանյութեր

Լրահոս