Քննարկվել են մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարն առաջարկել է, որպեսզի օգտագործված սարքավորմները հումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով և ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովմանը: Քննարկվեցին նաև Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու, տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու և այլ հարցեր։

 

Տեսանյութեր

Լրահոս