ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում
Սեպտեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Ընդունելությանը մասնակցեցին Կանադայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, կանադական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:
Ընդունելության ընթացքում ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ հայ-կանադական հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններին, տնտեսական կապերի ամրապնդմանը:
Այնուհետև ելույթով հանդես եկան նախարար Ջեյսոն Քեննին, ով անդրադարձավ Հայաստան այցելությունից իր ունեցած տպավորություններին, և բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունները:
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն