Ինչ է անում քաղաքապետարանը սննդի օբյեկտներում ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր:

Հսկողության արդյունքում 554 օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր: Հայտնաբերված ժամկետանց ապրանքը տեղում խոտանվել է:

Օրենսդրական խախտումներ թույլ տալու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ: Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից պարբերաբար իրականացված հսկողության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը:

Այսպես, եթե 2012 թվականին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, ապա 2013 թվականին `41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս `34 արձանագրություն: Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից հսկողական աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:

Տեսանյութեր

Լրահոս