Դավիթ Հարությունյան. Պետք չէ բողոքել անկախությունից կամ պետությունից
«Այսօր մեր երկրի ամենակարևոր օրն է: Մենք նշում ենք Անկախության 23-րդ ամյակը: 23 տարիների ընթացքում մենք տեսանք գրեթե ամեն ինչ, սակայն շարունակում ենք պայքարել մեր երկիրն ավելի լավը դարձնելու համար: Ցավոք սրտի այն հույսերն ու այն ոգևորությունը, որոնք կային 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին, չկան հիմա: Շատերն են ցավով հիշում խորհրդային ժամանակաշրջանը՝ երանի տալով այդ ժամանակներին:
Սակայն անկախության ձեռքբերումը չէ, որ մինչև հիմա ժողովուրդը դժգոհ է իր վատ վիճակից, այլ ժողովուրդն է, որ միշտ հանդուրժող է յուրաքանչյուր իշխանությանն ու նրա հետ բերած բարքերին: Պետք չէ բողոքել անկախությունից կամ պետությունից, պետք է բողոքել սեփական անտարբերությունից պետության և սեփական անձի նկատմամբ, քանի որ արհամարհելով քեզ ու քո պետությունը՝ արհամարհված կմնաս բոլորի կողմից, ինչը եղել է իշխանության կողմից անկախության առաջին օրվանից մինչև այսօր: Այնպես որ` բոլորս պետք է զգանք մեր անկախության նշանակությունը, պայքարենք մեր անկախության համար և պինդ պահենք այն՝ թույլ չտալով ոչ ոքի մեր անկախությունը, մեր իրավունքները, մեր երազանքները խլեն մեզնից:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առթիվ»:
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան