Հմայակ Հովհաննիսյան. Եղբայր, դուք խելքներդ հացի հե՞տ եք կերել, ի՞նչ ժամանակավրեպ, սա կործանարար է

«Մենք չենք կարող չգիտակցել, որ այս փոփոխությունները կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ մեր երկրի համար, և այդ ճակատագրական հետևանքներն ամենևին էլ իշխանության վերարտադրության հետ չեն կապված, այլ շատ ավելի լուրջ խնդիրների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:

Պատասխանելով հարցին, թե ինչ չափանիշների պետք է բավարարի ցանկացած փոփոխություն՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Կարևորագույն չափանիշը ժողովրդավարության ընդլայնումն է, ժողովրդավարության առանցքում է ընտրությունների ինստիտուտը: Այսինքն, պետք է ընտրությունների ինստիտուտի նկատմամբ լրացուցիչ վստահություն ներշնչելու և այդ վստահությունն ամրապնդելու կոնկրետ մեխանիզմի ձևավորում: Ժողովրդավարության առանցքում ընտրական ինստիտուտն է: Ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման ընդլայնումը դա ժողովրդավարության ընդլայնումն է: Սահմանափակումը ժողովրդավարության տրոհումն ու սահմանափակումն է»:

Հ. Հովհաննիսյանը նկատեց, որ եթե մեր ժողովուրդը միշտ երազել է ազգընտիր նախագահի մասին, ապա այս Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս. «Խոսքը գնում է այն մասին, որ ժողովրդից խլում են երկրի ղեկավարի ընտրության իրավունքը: Ի՞նչ իշխանության վերարտադրություն, ի՞նչ Հանրապետական կուսակցութուն: Սա սահմանադրական հակաժողովրադավարական հեղաշրջում կնշանակի մեր երկրում»:

Փոփոխություններ կատարելու երկրորդ չափանիշը, ըստ Հ. Հովհաննիսյանի, ազգային անվտանգության ամրապնդումն է. «Ես զարմանում էս քառյակի վրա: Հեռուստատեսությամբ նայում եմ, ողբալից տպավորություն են թողնում այն դիսկուսիաները, որոնք այսօր բոլոր ալիքներով գնում են: Այս մարդիկ խոսում են ինչ-որ ճղճիմ հարցերի մասին:

Չեն խոսում այն մասին, որ ժողովրդավարությունն էապես սահմանափակվում է: Այս առաջարկվող փոփոխությունները հակասում են գործող Սահմանադրության հիմնարար և անփոփոխ հոդվածներին, որտեղ նշվում է, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, և ժողովրդավարության հիմքը դա ուղիղ ընտրություններն են: Քաղաքական համակարգը պետք է փոխվի ժողովրդավարության ընդլայման ուղղությամբ»:

Հ. Հովհաննիսյանն ասաց, որ եթե այս քառյակը ասում է՝ «մենք կհամաձայնվենք, բայց դուք եկեք սկզբի 100% համամասնականը ընդունեք, նոր մենք էլ կընդունենք», առևտրի մեջ է մտնում՝ երկրի ապագայի հաշվին. «Եթե նախագահն ընտրվի ոչ թե ժողովրդի կողմից ուղիղ ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանի կողմից, այդ դեպքում, 100%-անոց համամասնական համակարգը կնշանակի, որ ապագայում ձևավորվելիք իշխանությունները 5%-ի իշխնություն են լինելու»:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ է նշանակում այս փոփոխությունների առաջադրումը՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում այն ճղճիմ դատողությունը, որ սա ժամանակավրեպ է: Եղբայր, դուք խելքներդ հացի հե՞տ եք կերել: Ի՞նչ ժամանակավրեպ, սա կործանարար է: ՀՀ-ի այսօրվա քաղաքական մի մասն այս փոփոխություններն առաջարկելով, և մյուս մասը, այսպես կոչված՝ ոչ իշխանական ուժերը, ասելով, որ այս փոփոխությունները ճիշտ են, բայց ժամանակավրեպ են, ստորագրում են բոլորով միասին այն դրույթի տակ, որ իրենք սնանկ են, ի վիճակի չեն կազմաերպելու արդար, թափանցիկ նախագահական ընտրություններ և մեր ժողովուդը արժանի է ունենալու ազգընտիր նախագահ»:

 

Տեսանյութեր

Լրահոս