«Ժառանգությունը» շրջանառության մեջ է դրել ԼՂ և ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» նախագիծը
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել
«Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի Հ Օ-308 օրենքի 48-րդ, 52-րդ հոդվածներով՝ Ձեզ ենք ներկայացնում «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովում նշված որոշման նախագծի քննարկման ժամանակ զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Խնդրում ենք ներկայացված որոշման նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը:
3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:
4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԱԺ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները`
• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը և բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)
• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը )
• Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը: