«Մոնոէթնիկ քրիստոնյա երկիրը բնույթով գործընկեր է Արևմուտքին, բայց Արևմուտքը չի փորձելու մեզ պոկել Ռուսաստանից»

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փաստաթղթի բոլոր կետերը բացահայտ փաստում են, որ այս անգամ, չնայած Հայաստանը հայտնել է ԵՏՄ մտնելու իր որոշման մասին, իհարկե, ՆԱՏՕ-ն Հայաստանի հանդեպ անբացատրելիորեն բարեհաճ է»,- այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հանտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին:

Ըստ նրա, դա վկայում է, որ, այնուամենայնիվ, վտանգները տեսանելի են բոլորին.

«Ուղղակի այստեղ այսպիսի խնդիր կա, թե ի՞նչ աստիճանի արդյունավետ ռեակացիա կարելի է տալ այդ պետական վտանգին, որովհետև ռուսական ճամբարում մնալը՝ ԵՏՄ-ի ճամբարում մնալը, եթե մինչև Ուկրաինան ուղղակի կարող էր լինել սխալ տնտեսական որոշում, ապա Ուկրաինայի դեպքերից հետո դարձել է լուրջ պետական վտանգ, և հիմա կողմնորոշման խնդիր է»:

Ա. Սեդրակյանի խոսով՝ պետք է հասկանալ, որ Ուելսի այդ փաստաթուղթը, դրան հետևող գործողությունները Հայաստնի ոչ այնքան նպաստավոր քայլերի համատեքստում, երևի, այն հազվագյուտ նպաստավոր քայլերից է, որ կարելի է գնահատել՝ իբրև Հայաստանի քաղաքականությունը ճահճից հանելու փորձ.

«Բայց դա ընդամենը փորձ է, հաստատ ճահճից հանել չէ, որովհետև դրան պետք է շատ գործողություններ հետևեն»: Ա. Սեդրակյանը նշեց, որ մենք ունենք հաստատապես մոնոէթնիկ քրիստոնյա բնակչություն, որը նպաստավոր է Արևմուտքի հետ հարաբերություններում.

«Իսկ դուք տեսնում եք, որ վերջերս Ամերիկան հայտարարել է ռեալ պայքար տեռորիզմի դեմ՝ հանելով այդ «պայքար տերորիզմի» միջից իսլամական բաղադրիչը՝ կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, բայց մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է հենց իսլամական տեռորիզմի մասին, որովհետև ներկա պահին աշխարհին հենց դա է սպառնում, և, այդ կոնտեքստում, մոնոէթնիկ քրիստոնյա երկիրը բնույթով արդեն գործընկեր է Արևմուտքին՝ այդ նոր հայտարարած պատերազմի շրջանակներում:

Դրա համար Արևմուտքը ոչ այնքան փորձելու է մեզ պոկել Ռուսաստանից, որովհետև այդ խնդիրը չունի, արդեն նա հասկացել է, որ իմաստ չունի երկրները պոկել Ռուսաստանից, այլ իմաստ ունի ուղղակի Ռուսաստանն իբրև գործոն վերացնել, դա շատ ավելի արդյունավետ է: Եւ դրա համար մենք հիմա կանգնում ենք այն փաստի առաջ, որ մենք կարող ենք մեր աշխարահագրական շատ բարենպաստ դիրքի պատճառով շատ օգուտներ ու բոնուսներ ունենալ՝ առանց սպասելու, որ Արևմուտքը մեզ որևէ մեկից պոկի: Ուղղակի մենք ինքներս պետք է փորձենք առավելագույնս չպոկվել քաղաքակիրթ աշխարհից: Հայաստանի թիվ մեկ գերխնդիրը այդ է՝ դժվարությունների միջով չպոկվել քաղաքակիրթ աշխարհից»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս