Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհարցաքննվեն վերջում. pastinfo.am
pastinfo.am-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 11-ին սկսվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, հաջորդ դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը, այդ փուլի ավարտից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, ապա` կհարցաքննվեն ամբաստանյալները:
45 հատոր կազմող գործով ամբաստանյալներ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, ծառայության պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանը և Գագիկ Խաչատրյանը, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանը, ֆինանսաբյուջետային բաժնի պետ – գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանը, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանը, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանը, ինչպես նաև պահեստապետ Յուրա Մուշկիդյանովը և ՀՀ «Դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանը:
«Փաստինֆո»-ն արդեն անդրադարձել է, մեղադրական եզրակացության բնորոշմամբ՝ «կազմակերպված խմբի կողմից» ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության մեղադրանքին: Ներկայացնում ենք մեղադրական եզրակացության մի շարք այլ դրվագներ ևս:
Այսպես, ըստ մեղադրանքի, Գեղամ Գրիգորյանը՝ տեղեկանալով, որ 2009 թվականի օգոստոսին Մերուժան Կյուրեղյանը անձնակազմի կառավարման բաժին է ներկայացրել իր բարձրագույն կրթությունը հավաստող կեղծ դիպլոմի պատճենը, վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար, համոզելու եղանակով դրդել է նրան իր միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ, սակայն Մերուժան Կյուրեղյանն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Գեղամ Գրիգորյանը վերջինիցս 2010 թվականի ապրիլ ամսին ստանալով նշված գումարը` խարդախության եղանակով հափշտակել է այն:
Մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նաև կաշառքի դրվագներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: