Բաժիններ՝

Ով է «Վանաձոր-Քիմպրոմի» սեփականատերը. անունը հայտնի է

asparez.am-ը գրում է. Օգոստոսի 2-ին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատողները կրկին հավաքվել էին գործարանի բակում, նախապես պայմանավորվածության համաձայն, գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հետ հանդիպելու: Աշխատակիցներին հանդիպելուց առաջ Ա. Սնեգիրյովը պատասխանեց մեր հարցերին:

– Պարոն Սնեգիրյով, հուլիսի 16-ին Վանաձոր կատարած այցի ժամանակ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը աշխատողներին խոստացել էր մինչեւ օգոստոսի սկիզբը վճարել մեկ ամսվա աշխատավարձը, ավելի ուշ՝ նաեւ երկրորդ ամսվանը: Այդ խոստումը, սակայն, չպահպանվեց. աշխատողներն առաջին աշխատավարձն ստացան ոչ թե օգոստոսի սկզբին, այլ վերջին, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացրել:

– Խոստումները չեն կատարվել այն պատճառով, որովհետեւ ինվեստրի հարցը չի լուծվել: Եթե ինվեստրի հարցը լուծվեր, արդեն վաղուց ամեն ինչ կլիներ:

– Ա. Մովսիսյանի այցից մեկուկես ամիս է անցել: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է, փոփոխություններ կա՞ն:

-Դեռ ոչ մի բան չի փոխվել: Նույն վիճակն է դեռ, բանակցություններ են գնում, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ձեր սենց քայլը, նկարահանումն ու մամուլում հրապարակումը չի նպաստում գործի լավ լինելուն…

– Եթե ցույցի դուրս եկող աշխատողները դիմում են լրատվամիջոցին, մենք պարտավոր են անդրադառնալ ու լուսաբանել այն:

– Հիմա ուրիշ գործ չունե՞ն, գալիս են, էստեղ հավաքվում են, բամբասում են… Սովորել են ցույցերի ձեւը: Ցույց անող են, թող գնան Երեւան ցույց անեն: Հավաքվածների մեծ մասը աշխատանքի մեջ է: Ամեն ցույցից հետո գալու են, ասեն՝ խնդրում ենք էս մի բանն անենք, էն մի բանն անենք: Խնդրելով են գալու, հիմա ցույց են անում, բողոքում են: Ուզում են հնչեցնեն…

– Եվս մեկ հարց, որը բոլորին հուզում է: Ընկերության սեփականատիրոջ հետ կապված լրագրողների հարցին Ա. Մովսիսյանը չպատասխանեց, ասելով, որ ինքը չի հիշում ընկերության ու սեփականատիրոջ անունը: Խնդրում ենք՝ ասել սեփականատիրոջ անունը:

– Սեփականատերը ռուսական «Ուգլնայա» բաժնետիրական ընկերությունն է՝ ռուս սեփականատիրոջ ղեկավարությամբ:

– Սեփականատիրոջ անո՞ւնը:

– Կազլովա Գալինա Իվանովնա:

Գայանե Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս