Բաժիններ՝

Արմեն Երիցյանը հանդիպել է ՃԿՊԱ ուսանողներին

Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի օրը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) ուսանողներին ու դասախոսական կազմին:

Ողջունելով ներկաներին ` ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանը խոսքը փոխանցեց ԱԻ նախարարին:

Ա. Երիցյանը շնորհավորեց երիտասարդներին` ԲՈՒՀ ընդունվելու և ուսանող դառնալու կապակցությամբ.

– Կարծում եմ` յուրաքանչյուրիդ համար մեծ պատիվ է լինել մեր ակադեմիայի ուսանող: Ինքս սովորել եմ Կալինինգրադում ու մինչև հիմա շատ լավ հիշում եմ այդ տարիները: Ակադեմիան տարբեր ոլորտների մասնագետներ է պատրաստում, և իմ հանձնարարականն է` մեծ ուշադրություն դարձնել օտար լեզուներին և համակարգչային գիտելիքներին, որպեսզի կարողանանք մեր ուսանողներին վերապատրաստման ուղարկել նաև արտերկիր: Սա այն եզակի բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որի շրջանավարտներն ապահովվում են աշխատանքով: Ես հորդորում եմ ձեզ լավ սովորել, որպեսզի կարողանաք գտնել ձեր տեղը կյանքում: Եթե ձգտում չունեցաք, անելիք չունեք որևէ ԲՈՒՀ-ում:
Նախատեսվում է նաև ակադեմիայում դասախոսություններ կարդալու համար հրավիրել տարբեր գիտնականների, իսկ ԱԻՆ ղեկավար կազմը, ԱԻ նախարարի հրամանով, պետք է պարտադիր դասախոսության ժամեր ունենա ակադեմիայում:

Այս տարի ակադեմիայի բակալավրիատ է ընդունվել 61, մագիստրատուրա` 40 երիտասարդ: Հեռակա ուսուցման համակարգ է դիմել 127 ուսանող: ՃԿՊԱ քոլեջ է ընդունվել 40 պատանի, որոնցից 9-ը` Ստեփանավանում:

Հանդիպման ընթացքում, օգտվելով առիթից, նոր ընդունված ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախարար Ա. Երիցյանին` օտարերկրյա քաղաքացիների ուսման, աշխատանքի տեղավորման, արտերկրում ուսումը շարունակելու, փրկարար ծառայության կոչումների շնորհման կարգի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին:

Ավարտին ԱԻ նախարարը շրջեց ակադեմիայի շենքում` ծանոթանալով աշխատանքային և ուսման պայմաններին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս