Պուտինի այցից առաջ ռուսական ռազմաբազայի հրամանատարին ուղարկել են արձակուրդ
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին արձակուրդում է: Հրամանատարի արձակուրդում գտնվելը տարօրինակ է այնքանով, որ դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է լինել Գյումրիի ռազմաբազայում:
Ինչո՞ւ պետք է հրամանատարն արձակուրդ վերցնի հենց այն ժամանակ, երբ իր ղեկավարած ռազմաբազա է այցելում իր երկրի նախագահը, ով նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ դա նշանակում է, որ` նաև իր անձնական հրամանատարը: Ո՞վ պետք է ընդունի և ներկայացնի ռազմաբազան, եթե ոչ` ռազմաբազայի հրամանատարը: Հենց այդ պատճառով Գյումրիում համոզված են, որ Ռուզինսկու արձակուրդը ոչ թե կամավոր է, այլ պարտադրված:
Հնարավոր է, որ նա արձակուրդից այլևս չվերադառնա ռազմաբազա և այլ նշանակում ստանա:
102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայ և միջազգային հանրությանը հայտնի դարձավ հոկտեմբների վերջին, երբ ռուսական բանակի պաշտոնաթերթ «Կրասնայա զվեզդա»՝ «Կարմիր աստղ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա իր ղեկավարած ռազմաբազան կարող է ներգրավվել հակամարտության մեջ` Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Այս հայտարարությունից հետո անցել է ուղիղ երկու ամիս, սակայն կրքերը հայտարարության շուրջ չեն դադարում: Ադրբեջանը պաշտոնապես պահանջել է հերքել Ռուզինսկու հայտարարությունը, որն ըստ էության կատարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե դա, հավանաբար, լրագրողի սխալի հետևանք է:
Ըստ մեր տեղեկությունների` առաջիկայում «Կրասնայա զվեզդայի» խմբագրակազմը կարող է հանդես գալ պաշտոնական հերքմամբ, նշելով, որ Ռուզինսկին ասել է, թե 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել ռազմական գործողությունների մեջ, եթե Ղարաբաղի պատճառով ռազմական գործողություններ սկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ լրագրողը դա ներկայացրել է այնպես, որ ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին:
Հետաքրքիր է, որ ըստ այդ տեղեկությունների` լրագրողական սխալը կարող է բացատրվել լրագրողի և խմբագրակազմի՝ խմած լինելու հանգամանքով: Ռուս լրագրողներից մեկը մեզ պատմում է, որ, երբ Ռուզինսկու հետ հարցազրույց արած լրագրողը հասել է խմբագրություն, այնտեղ արդեն ինչ-որ խնջույք է եղել, և նրան ևս առաջարկել են միանալ իրենց: Լրագրողը չի կարողացել մերժել. և խմել է՝ զուգահեռաբար ձայնագրիչից վերծանելով հարցազրույցը:
Արդյունքում, ստացվել է այն, որ ռուսական ռազմաբազան կարող է միջամտել, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի: Արդյոք այս պատմությունը իրակա՞ն է, թե՞ մտացածին, քիչ կարևոր է: Տվյալ դեպքում, էականն այն է, որ ռուսական շրջանակները լրջորեն մտածում են Ռուզինսկու հայտարարությունը «խմբագրելու» մասին:
Մյուս կողմից` եթե ռուսական իշխանությունն իսկապես չի կիսում Ռուզինսկու տեսակետը, ինչո՞ւ նրան անմիջապես չեն ազատել իր զբաղեցրած պաշտոնից, կամ եթե դա լրագրողական սխալի հետևանք է, ապա ինչո՞ւ «Կրասնայա զվեզդան» պաշտոնական հերքում չի տվել և ուղղել իր սխալը: Ռուսական աղբյուրները պնդում են, որ, եթե Ռուզինսկուն միանգամից ազատեին աշխատանքից կամ հայտարարեին, որ դա լրագրողական սխալի հետևանք է, ապա Հայաստանում կառաջանային հակառուսական տրամադրություններ, և դա ամենատարբեր շահարկումների տեղիք կտար:
Կստացեր, որ Ռուսաստանը պաշտոնապես ձեռքերը լվանում է Ղարաբաղից և իր այդ քայլով ցույց է տալիս, որ, եթե այնտեղ պատերազմական գործողություններ սկսվեն, ռուսները դրա հետ որևէ կապ ունենալ չեն կարող: Սա միանգամից կարող էր մեկնաբանվել այնպես, որ ռուսներն Ադրբեջանին պատերազմ սկսելու թույլտվություն են տալիս երաշխավորելով իրենց չեզոքությունը:
Նման իրավիճակից խուսափելու համար ռուսները որոշել են կոմպլեմենտար քաղաքականություն վարել, ոչ հերքել և ոչ էլ հաստատել Ռուզինսկուն, այլ նրան արձակուրդի ուղարկել, հոգալով, որ Վլադիմիր Պուտինի 102-րդ ռազմաբազա այցի ժամանակ նա չհայտնվի տեսախցիկների առաջ և ավելորդ անգամ չհիշեցնի իր հայտարարության մասին:
Ռուսները չեն հերքում Ռուզինսկուն նաև այն պատճառով, որ իրենք վստահ են, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում անպայման ռազմաբազան մասնակցելու է Ղարաբաղի համար մղվող մարտերին. բայց ոչ թե Հայաստանի կողմից, այլ հենց Ռուսաստանի: Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի նախկին Խորհրդային Միության տարածքում ձևավորված չորս ինքնահռչակ հանրապետություններից երեքի` Աբխազիա, Հարավային Օսիա և Մերձդնեստր տարածքում:
Միայն ԼՂՀ տարածքում է, որ ռուսական զորք չկա, իսկ դա կարող է լինել միայն հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության վերսկսման պարագայում և հակամարտության գոտի ռուսական ռազմաբազայի միջամտության արդյունքում: Այնպես որ, իմաստ չունի հերքել Ռուզինսկուն, եթե նա արտահայտել է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: Ուղղակի Ռուզինսկին պետք է ոչ թե հայտարարեր այդ մասին, այլ համար պահին իրագործեր դա: