ՌԴ-ն այսուհետ զենք վաճառելով Ադրբեջանին՝ հաշվի կառնի՞ ՀՀ կարծիքը

Երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց  2013թ. հունիսի 17-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Այն նախատեսում է պարզեցնել պետությունների միջև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման կարգը:

168.am-ը ՊՆ փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հարցեր է լուծելու պայմանագիրը, ի՞նչ է այն տալու Հայաստանին: Ի պատասխան Արա Նազարյանն ասաց, որ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը պայմանավորված է երկրի անվտանգության ապահովմամբ, և ցանկացած երկիր անկախ իր ցանկությունից՝ ռազմական նշանակության արտադրանքի հետ առնչվում է: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա «ոչ պատերարզմ, ոչ խաղաղություն վիճակը», Նազարյանի գնահատմամբ, պայմանագիրը շատ կարևոր է ՀՀ համար:

«Տարբեր տեսակի զինատեսակներ, որոնք պետք է ներմուծվեն, այսինքն մատակարարվեն, առանց միջնորդավորված կազմակերպությունների: Հնարավորություն է ընձեռում անմիջականորեն Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների կողմից ռազմական նշանակության արտադրանքներ մատակարարել: Իսկ երբ միջնորդավորված է լինում, արդեն այդտեղ ծախսերը մեծանում են, իսկ այս պարագայում ծախսերը քիչ են լինելու»,- ասաց Արա Նազարյանը` ավելացնելով, որ ցանկացած երկիր Զինված ուժերի, ռազմական տեխնիկայի զարգացման տեսանկյունից ունի նման պայմանագրի կարիք:

Ի դեպ, պայմանագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ կողմերից ոչ մեկը, առանց մատակարարող կողմի նախնական գրավոր համաձայնության, չի կարող վաճառել կամ փոխանցել ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրին, իրավական-ֆիզիկական անձին:

Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն այսուհետ զենք վաճառելով Ադրբեջանին՝ հաշվի կառնի ՀՀ կարծիքը, ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «Սա պարզապես դրույթ է, որը սահմանափակում է այն հնարավորությունը, որ եթե կողմերի միջև կատարվել են համապատասխան մատակարարումներ, առանց մատակարարողի թույլտվության երրորդ կողմին չփոխանցի: Այսինքն` զսպող մեխանիզմ ունի և վերաբերում է միայն երկու կողմերին, որ երրորդ կողմին չտան: Եթե, օրինակ, ՌԴ համապատասխան կազմակերպությունը, ՀՀ համապատասխան կազմակերպությանը մատակարարել է ռազմական նշանակության արտադրանք, ես որպես ստացող, այլ երկրին փոխանցելու իրավունք չունեմ, առանց ՌԴ թույլտվության»:

Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանը Մաքսային միության շրջանակներում կստանա՞ իրավունք թույլ չտալու կամ ազդելու, որ ՌԴ-ն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին, Արա Նազարյանը պատասխանեց, թե ՄՄ շրջանակներում այդ հարցը չի կարգավորվում:

Ի դեպ, պայմանագիրը դեռևս պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստում և վավերացվի:

Տեսանյութեր

Լրահոս