Որոշ դավաճան լիդերներ չեն թողել Գառնիկ Մարգարյանին ստանալ Քոչարյանի հրաժարականը
«Հակակոռուպցիոն» հ/կ նախագահ Գառնիկ Մարգարյանը այսօրվա ասուլիսում ևս մեկ անգամ հայտարարեց, որ իշխանական համակարգը կոռումպացված է: «Երկու ամիս առաջ գրում եմ նախկին գլխավոր դատախազի ոչ օրինական որոշումների կապակցությամբ: Հիմնավոր, իրավաբանական փաստաթղթերով, թալանի չափերով ներկայացնում էի և այդ փաստաթուղթը գնում է Ռազմական ոստիկանություն և այլն, ու գալիս է բացասական պատասխան, որ ժակետն անց է: Ես գրում են նախագահին, որ գլխավոր դատախազը սխալ որոշում է կայացրել, որովհետև այդ հոդվածներով ժամկետի խնդիր չկա: Էդ աշխատակազմը վաղուց պետք էր ցրել, որովհետև, խախտել են օրենքը: Գիտե՞ք՝ ի՞նչ է պատասխանում, որ դա նախագահի կոմպետենցիայի մեջ չէ: Մի՞գուցե Ալիևի կոմպետենցիայի մեջ է մտնում, հա՞: Բա գլխավոր դատախազին ինքն է առաջադրում, ինքն է նշանակում, էլ ո՞ւմ հարցնենք»,- որպես օրինակ մատնանշեց Մարգարյանը:
Անդրադառնալով երկրում հեղափոխություն իրականացնելու մասին պահանջին, նա հիշեցրեց, թե ժամանակին առաջնորդները դավաճանել են, ապա հավելեց, թե ինքը թավշյա հեղափոխության կողմնակից է. «Ժողովուրդը պետք է պահանջի և չպետք է առաջնորդները դավաճանեն, լքեն: Ես գիտե՞ք՝ քանի նման բան եմ տեսել… Երբ 2003թ. փետրվարին Բաղրամյան պողոտայում 100.000 ժողովուրդ էր հավաքվել, վճռական էր ու որոշվել էր, որ Մարգարյանը պետք է մտնի Քոչարյանի մոտ ու թուղթ ու գրիչ դնի սեղանին՝ հրաժարական պահանջի, որոշ լիդերներ դավաճանել են, այդ թվում՝ Արտաշես Գեղամյանը:
Հիմա ժողովուրդը պետք է բարձրանա, մոբիլիզանա ու պահանջի հրաժարականը ու ոչ թե ամիսներ, տարիներ շարունակ կանգնեն, ասեն՝ մի ամիս հետո կգաք, տաս օր հետո կգաք»:
Նրա խոսքով՝ պետք է ապահովել արդար ընտրություններ, իսկ թե ում կընտրի ժողովուրդը, դա ժողորդի որոշելիքն է:
Ի դեպ, Գառնիկ Մարգարյանն ասաց, թե իրենք մի քանի անգամ փորձ են արել, առաջակել են Սերժ Սարգսյանին սթափվել ու համակարգում փոփոխություններ կատարել. «Մենք ասացինք, որ եթե սթափվես ու փոփոխություններ անես՝ շանս ես ստանալու շարունակել լինել նախագահ: Բայց միգուցե շրջապատը թույլ չի տալիս, կամ էլ խրված է ճահճի մեջ, որ չի կարողանում դուրս գալ: Նա իր նախագահական երկրորդ ժամկետրի վերջը չի դիմանա: Հրաժարական կտա այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի»: