Բաժիններ՝

«Զբոսաշրջության կենտրոնի» կոչմանը հավակնող Ջերմուկում աղբի խնդիրը չի լուծվում (լուսանկարներ)

1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում: Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, և աղբը գետակն է թափվում: Առաջիկա 2-3 տարվա ընթացքում էլ իրավիճակի փոփոխություն չի սպասվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, աղբի վերամշակման գործարանի հիմնման ծրագրեր մշակվել են, բայց մասնավորները հետաքրքրված չեն, քանի որ դրանք շահավետ չեն՝ աղբի ծավալների քիչ լինելու պատճառով:
«Առավել իրատեսական է շվեյցարացիների հետ նախատեսվող վերամշակման փոքր գործարանի հիմնումը, բայց դա համայնքների խոշորացման ծրագրի հետ է կապված՝ որոշվել է, որ այլ համայնքներից էլ պետք է աղբ տեղափոխվի գործարան: Միակ լուծումը դա է, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց քաղաքապետը:
Համայնքների խոշորացումը նախատեսվում է 2016 թ-ից, դրանից հետո նախապատրաստական աշխատանքները առնվազն 1 տարի կտևեն, ինչից հետո լավագույն դեպքում ծրագիրը կիրականացվի:
Վ. Հովհաննիսյանի կարծիքով՝ աղբը սահմանազատելու հնարավորություն էլ չկա. «Աղբավայրի տեղը այնպես է նախատեսված, որ բարձունքի վրա է աղբը լցվում: Մենք ուրիշ տեղ էլ չունենք, որ ուրիշ տեղ աղբանոց դարձնենք: Ջերմուկի ողջ պատմության ժամանակ այդ աղբավայրը կա մինչև հիմա, երկրորդը ստեղծելն իմաստ չունի»:

axb1 axb2 axb3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս