Տիգրան Սարգսյանը՝ կառավարության կողմից ԱԺ-ին ճնշելու մասին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե ինչպե՞ս է Կառավարությունը ԱԺ-ի թույլտվությամբ յուրացրել օրենսդիր իշխանությունը և թելադրում է ոչ միայն ընդունվող օրենքների բովանդակությունը, այլև հերթականությունը։
Գագիկ Ջհանգիրյանը՝ հղում անելով վիճակագրությանը, ըստ որի՝ նույն օրենքի նախագծում մի քանի փոփոխություն է կատարվել, ասաց. «Ես հասկանում եմ, որ օրենսդրությունը կենսական օրգանիզմ է: Բայց օրենքների այսչափ փոփոխությունը նպաստո՞ւմ է օրենսդիր քաղաքականության նկատմամբ քաղաքացիների վստահության աճին, և եթե Կառավարությունը իրականացնում է օրենսդրություն, ապա արդյոք կարիք չկա՞ համակարգելու այն»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնելով՝ օրենքները հաճախակի փոփոխությունների ենթարկելու մասին նկատառմանը, ասաց. «Իհարկե, ցանկալի է, որ ընդունենք այնպիսի օրենքներ, որ այդ փոփոխությունները հետագայում հասնեն մինիմումի: Դա նշանակում է, որ պետք է ավելացնենք մեր կարողությունները օրինաստեղծ համակարգում: Բայց միաժամանակ մեր նման պետությունները, որոնք դեռևս նոր են ձևավորում ինստիտուտներ, երբ հասակարությունը բարդ տարսֆորմացիայի փուլում է, անհնար է, որ չլինի փոփոխություն։ Եթե նման փոփոխություններ չես անում, նշանակում է՝ չես անդրադառնում ժամանակակից մարտահրավերներին»: Նա միաժամանակ նշեց նաև, որ փոփոխությունները պետք է հասնեն նվազագույնի։
Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությունների մեծ քանակին, ապա, ըստ վարչապետի, դրանք ՀՀ կառավարության նախաձեռնությունն են և իրենց քաղաքական թիմի նախընտրական ծրագրերից են, ուստի, նրա համոզմամբ, չի կարելի ասել, որ իրենք ինչ-որ առումով գերազանցում են կամ ճնշում են ԱԺ-ին:
Գ. Ջհանգիրյանն էլ նկատեց, թե զարմանալիորեն օրենսդրական բոլոր նախաձեռնության հեղինակները գործադիրում են և առաջարկեց տեղափոխություն կատարել՝ գործադիրի ՀՀԿ-ական պատգամավորներին բերել ԱԺ, և՝ հակառակը։
Ի պատասխան վարչապետն էլ նշեց, թե օրինաստեղծ մասնագետների տեղափոխությունը կառավարությունից ԱԺ միշտ էլ կա. «Այդ պրոցեսը վերջին քսան տարիների ընթացքում տեղի է ունենում և ինքս Գերագույն խորհրդում հինգ տարի զբաղվել եմ օրենսդիր գործունեությամբ, և մեր կառավարությունից կադրերի հոսքը երկու ուղղություններից էլ տեղի են ունենում»: