Զարուհի Փոստանջյան. Ոստիկանությունը նախապես կարող էր կանխել այդ միջադեպը, ոստիկանությունն է պատասխանատու
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի առիթով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ու իր համակիրների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք 316 հոդվածը համարժե՞ք է ընտրված: Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց, թե չի կարծում, որ ընտրված հոդվածները համարժեք են. «Երբ տեսնում ես կադրերը, տեսնում ես, որ Շանթը նորմալ իր բնականոն ընթացքով տեղաշարժվում է, թե հետո ո՞վ է գալիս ու փորձում իրեն խոչընդոտել… այս խոչընդոտման խնդիրն է, ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել հանրային կարգը, եթե ոստիկանությունը, որը պետք է ունենար համենայնդեպս տվյալներ, որ մարդիկ կային, որոնք պետք է հրահրեին, այդ մարդկանց նախապես պետք է կանխեր, որպեսզի խաղաղ երթը հնարավորություն ունենար իր տրամաբանական ավարտին գալ տվյալ պարագայում:
Ես հասկանում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն չի կանխել, այլև ինքն էլ մասնակից է եղել սրան: Ես ինքս իմ աչքերով տեսա, թե ինչպես մի կնոջ բռնութամբ տեղափոխում էին, բայց ի՞նչ իրավունքով, այդ տիկինն ի՞նչ էր արել: Ոստիկանության կոմից իրականցված ցանկացած քայլ պետք է լինի իրավաչափ ու համարժեք, ի՞նչ էր արել այդ կինը, որ փորձում էին բռնությամբ տեղաշարժել»:
Ինչ վերաբերում է բուն հեղափոխության փորձին, ապա Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Շանթ Հարությունյանի ընդվզումն արդարացի էր: Նրա խոսքով՝ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատու է ՀՀ ոստիկանությունը, որովհետև եթե կային խնդիրներ, ոստիկանությունը նախապես կարող էր կանխել դրանք:
«Կային օպերատիվ տվյալներ և իրավիճակը վերահսկելու համար բավարար միջոցներ կարող էին նախաձեռնել: Եթե ցանկանային, կարող էին կանխել: Կադրերի մեջ երևում է, որ կային մարդիկ, որոնք հրահրում էին, արհեստականորեն ստեղծում էին նման վիճակ: Այդ մարդիկ, ըստ որոշ տվյալների՝ ոստիկանության աշխատակիցներ են եղել»:
Զ. Փոստանջյանը տարօրինակ համարեց նաև այն, որ միջադեպի ժամանակ տարածքում են եղել նաև Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը. «Այդ տարածքում այդ օրն այցելել էին Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, ինչը շատ տարօրինակ է, չնայած որ դա իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքն է»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «Շանթը եղել է քաղբանտարկյալ, նա ըմբոստ անձնավորություն է, ոստիկանությունը գիտեր, որ Շանթը ունենալու է համապատասխան պարագաներ, տվյալ պարագայում ինքը պետք է միջամտեր, կանխեր, հետևաբար՝ մնացած բոլոր պատասխանատվության կրողը ոստիկանությունն է: Եթե ոստիկանությունը չի գտնում որ այդ մահակները խոչընդոտ են, ապա ինքն է մեղավոր»: