Լրագրողը դարձավ վկա՝ մասնագիտական պարտականությունների բերումով
«Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը 2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով վկա էր դարձել՝ լրագրողի անձնական ու մասնագիտական շփումներն իրար հետ խառնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ազգային անվտանգության ծառայությունից «հրավեր» ստանալով՝ լրագրողը վստահ էր, որ հրավիրվել է որպես իրավապահ համակարգի գործունեությունը լուսաբանող լրագրող՝ իր որևէ հրապարակման առնչությամբ: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, լրագրողը հրավիրվել է ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի գործով՝ որպես վկա: Եվ լրագրողը 4 ժամ հարցաքննվել է՝ փաստաբան Նարինե Ռշտունու ներկայությամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօրվա նիստում լրագրող վկան հայտարարեց, որ սպանության նախապատրաստությունը կազմակերպելու մեջ մեղադրվող երկու անձանց՝ Մրազ Շարոյանին և Սամվել Հովհաննիսյանին ճանաչում է առանձին-առանձին՝ առաջինին ճանաչում է անձնական-ընտանեկան շփումների, իսկ երկրորդին՝ լրագրողական աշխատանքի բերումով՝ որպես պաշտոնատար անձի:
Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում Ռ.Մինասյանը անհեթեթ ու վիրավորական համարեց, որ հիշյալ երկու անձանց միջև ինքը «կապող օղակ» է եղել և որ նրանք միմյանց հետ ծանոթացել են իր միջոցով: Մրազ Շարոյանը սովոր էր իր հարցերը լուծել իր փաստաբանի միջոցով՝ օրինական ճանապարհով, իսկ Սամվել Հովհաննիսյանին որպես լրագրող նույնիսկ պաշտոնավարելու ընթացքում չի դիմել, ուր մնաց թե դիմեր նրա պաշտոնից ազատվելուց հետո:
Ամբողջությամբ կարող եք կարդակ սկզբնաղբյուր կայքում: